Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման դինամիկային։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, և ներկայում ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կառավարության ղեկավարը նաև խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»։
Վարչապետ Փաշինյանը նաև պատասխանել է իտալական գործարար շրջանակների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին հարևան երկրների հետ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և այլն։ Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցության շրջանակում առկա հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի արտադրողներն օգտվում են Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, ինչպես նաև GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ առևտրում։
Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային գործունեության ծավալմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ սկսել կոնկրետ ծրագրերի շուրջ։
Աշխատանքային ճաշին մասնակցել են իտալական «Mediobanca» ներդրումային բանկի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca» ներդրումային բանկի Corporate and Investment banking-ի Հռոմի գրասենյակի ղեկավար, Corporate and Investment banking-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca» ներդրումային բանկի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna» ներդրումային ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկա Տորկիան։
Հանդիպմանը հաջորդել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան