«Հրապարակ». «Փորձում են հասկանալ` ով կգնա, ով կմնա, որ կատարեն հաջորդ քայլը»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Միջազգային պրակտիկան, այդ թվում և Վենետիկի հանձնաժողովը, նոնսենս է համարում որևէ ժամկետի` «էսինչ օրը, էսինչ ժամը» մոտեցումը, օրենքը պետք է ընդհանուր կարգավորումներ սահմանի»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը կառավարության կողմից հավանության արժանացած նախագծերի փաթեթի առնչությամբ, համաձայն որի` ՍԴ գործող դատավորների համար սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում:
Փաստաթղթով սահմանված է վերջին ժամկետ՝ հունվարի 31-ը։ Ինչո՞ւ հատկապես 31-ը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Նախորդ նախագծով սահմանվել էր հոկտեմբերի 31-ը, այս անգամ ամրագրվեց հունվարը։ Փորձում են հասկանալ` ով կգնա, ով կմնա, որ կատարեն հաջորդ քայլը։ Այս ամենը նշանակում է, որ իրենք քաղաքական պրոցես են առաջ տանում»:
Ո՞րն է հաջորդ քայլը։ «Իրենց ձեռագրին հավատարիմ՝ ռեպրեսիվ, քրեական գործերի մեխանիզմը, կտուրներում բան-ման որոնելը»: Դատավորներից քանի՞սն են «պոտենցիալ» գնացող։ «Ոչ մեկը՝ գնացողը շատ լավ հասկանում է, որ երբ նոր դատարան ձևավորվի, ցանկացած քաղաքացի կարող է դիմում բերել ՍԴ` պահանջով` քննարկել այս օրենքի փաթեթի սահմանադրականության հարցը, և չի բացառվում, որ որոշվի, որ այն հակասում է Սահմանադրությանը»: Ասել է թե` վաղաժամ թոշակի գնացածներին «գցե՞ն» իշխանությունները։ «Ձևակերպումը Ձերն է»:
Բոլոր դեպքերում, եթե քրեական գործերով և ռեպրեսիաներով հարցը չլուծվի, ուրիշ ի՞նչ պահեստային քայլեր ունեն։ «Սահմանադրական փոփոխություններ` հանրաքվեով։ Բայց մի մոռացեք, որ այդ դեպքում նախագիծը պետք է գա ՍԴ` հավանության։ Ի դեպ, սա էլ իմացեք` ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի նախագիծ է շրջանառվում, որը ՍԴ աշխատակազմ` կարծիքի չի ուղարկվել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: