Նա չի տիրապետում իր աշխատանքին. Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականին․ «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ:
«Եթե նա հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ, ապա պետք է ներկայացնի փաստեր, թե ինչու պետք է Մխիթարյանը զրկվի ավագի թևկապից, կամ ինչից է նա վերցրել, որ Հենրիխը թքած ունի ազգային հավաքականի վրա։ Ինչ վերաբերում է նրան, որ Մխիթարյանը բաց թողեց հավաքականի խաղերը, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը վնասվածքն է։ Արդեն մեկ ամսից ավելի է, որ Մխիթարյանը ունի վնասվածք և հիմա նոր-նոր սկսել է ապաքինվել։
Եթե Մեսրոպ Առաքելյանը անում է այդպիսի անհիմն հայտարարություններ, ապա նա տեղյակ չէ ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև չի տիրապետում իր աշխատանքին»: