«Ժողովուրդ». «Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենևին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաև ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թևում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից ևեթ «ատամ ցույց տվել» Վանեցյանին: Բայց Վանեցյանն էլ իր հերթին իրեն «անատամ» չի պահել` շեշտելով, որ չփորձեն ինչ-որ ճնշումների միջոցով իր հրաժարականին հասնել. եթե հրաժարվի, ապա կանի բացառապես հենց իր ցանկությամբ: Գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն անցել է «ախպեր ջան» դիմելաձևին:
Գործկոմի անդամների հրաժարականի հարցը քննարկելիս Ռուբինյանը դիմել է Վանեցյանին. «Դու էլ պիտի հեռանաս, ախպե՛ր ջան»: Վանեցյանն ասել է` ինքնակամ հրաժարական կտա, եթե գործկոմից մյուսներն էլ հեռանան: Մոտ 3 ժամ բանակցելուց հետո են միայն որոշել, որ բոլորն էլ կհեռանան: Իշխանական թևից Վանեցյանին առաջարկել են հուշել, թե հայտարարության ինչ տեքստով ինքը կհեռանա, և 1,5 ժամ միայն աշխատել են այդ տեքստի վրա: Հենրիխ Մխիթարյանի՝ գործկոմը ներկայացնող մայրը՝ Մարինա Թաշչյանը, նախատել է նիստի մասնակիցներին` շեշտելով. «Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ: Պետք չէր այս հարցն այսքան քաղաքականացնել»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստի ընդմիջմանը իշխանական թևը փորձել է Վանեցյանից պարզել, թե հրաժարականից հետո ինչով է զբաղվելու:
Վանեցյանն էլ պատասխանել է. «Ինչով կուզեմ, դրանով էլ կզբաղվեմ»: Իշխանականները փորձել են վարչապետ Փաշինյանի անունից Վանեցյանին հասկացնել, թե պետք չէ քաղաքականությամբ զբաղվել: Իշխանականները նաև ակնարկել են, թե իրենց առաջնորդին նա մենակ թողեց, Վանեցյանն էլ հակադարձել է, որ վարչապետն է իր հետ վատ վարվել: Ինչևէ, Արթուր Վանեցյանը հեռանալուց առաջ հայտարարել է. «Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետև ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցրեցի իմ վրա»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան