Իրանագետ. Ինչպե՞ս լուսաբանվեցին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները
Իրանագետ Արմեն Իսրայելյանը վերլուծել է, թե ինչպես են լուսաբանվել հարևան երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաները։
«Երբ Իրաքում և Լիբանանում անակնկալ սկսվեցին բողոքի ակցիաները, Իրանում սկսեցին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Մասնավորապես Իրանի հետախուզական ուժերը ձերբակալեցին արտերկրում ապաստան ստացած «Amad News» անվամբ Telegram-ի ալիքի համակարգող Ռուհօլլահ Զամին, որի ղեկավարած տեղեկատվական ռեսուրսը 2018թ. սկզբին Իրանի տարբեր նահանգներում տեղի ունեցած բողոքի ցույցերն ակտիվ լուսաբանում էր և կարճ ժամանակում միլիոնավոր հետևորդ էր ունեցել:
Հետևաբար բողոքի ցույցերի օրերին Իրանում ինտերնետի անջատումն առաջին հերթին նպատակ ուներ խուսափելու 2018թ. տեղի ունեցած դեպքերի կրկնությունից, երբ վերոնշյալ սոցիալական ցանցի միջոցով մարդիկ ոչ միայն տեղեկանում էին բողոքի ակցիաների անցկացման վայրերի վերաբերյալ, այլև դրա միջոցով բազմաթիվ կեղծ լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակվում:
Եթե 2018թ. իրանական հեռուստաընկերությունները և լրատվական կայքերը փորձում էին խուսափել բողոքի ակցիաները հրապարակելուց կամ որոշ օրերին ընդհանրապես չէին անդրադառնում, ապա այս օրերին տեղի ունեցավ հակառակը:
Իրանի պետական հեռուստաընկերությունները ոչ միայն պարբերաբար լուսաբանում էին բողոքի ակցիաները, ներկայացնում քաղաքացիների բողոքները, այլև բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվում էին տարատեսակ քննարկումներ՝ որոնց ընթացքում տրվում էին քաղաքացիների բարձրացրած հարցերի պատասխանները:
Ի դեպ, Իրանի ցույցերին միջամտելու նպատակ հետապնդող խմբերը, զրկվելով ինտերնետի հնարավորությունից, այս օրերին բջջային հեռախոսների բաժանորդներին կառարավության՝ սոցիալապես անապահով խավերին բենզինի թանկացումից հետո աջակցություն ցուցաբերելու մասին որոշման վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ էին ուղարկում, գործարկում՝ կեղծ կայքեր:
Ինչ վերաբերում է զոհերի և ձերբակալվածների թվի վերաբերյալ հակասական հրապարակումներին, ապա Իրանի պետական հեռուստաընկերությունն անկարգություններ հրահրած դիմակավոր անձանց կողմից երկու զոհի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:
Ձերբակալվածների թվի վերաբերյալ ևս առկա է հակասական տեղեկատվություն, սակայն ըստ պաշտոնական աղբյուրների նրանց թվում օտարերկրացի քաղաքացիներ կան»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան