«Կուսակցություններին այսուհետ միայն անհատները կֆինանսավորեն»
«Օրենքում բովանդակային մի քան փոփոխություն է սահմանվել։ Սա ևս մեկ քայլ է բիզնեսի և քաղաքականության տարանջատմանն ու բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա սահմանափակելուն միտված։ Սա շատ կարևոր քայլ է նաև կոռուպցիայի կանխարգելման առումով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը։
Նրա խոսքով, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության շրջանակում վերանայվում են նաև կուսակցությունների ֆինանսավորման եղանակները, ֆինանսական հաշվետվողականությունը, դրա պայմաններն ու պատժամիջոցները։
«Իրավաբանական անձանց կողմից կուսակցությունների ֆինանսավորման սահմանափակում կա Եվրոպական մի շարք երկրներում, և այդ փորձը մենք ևս կիրառելու ենք։ Կուսակցությունը միավորում է, որի շրջանակում քաղաքացիները առաջ են մղում իրենց տեսակետերը։ Հետևաբար, նույն տրամաբանությամբ կուսակցությունների ֆինանսավորումը կարող է իրականացնել անհատը։ Այս մասը մենք մտցնում ենք, որը անուղղակիորեն չկար, թեկուզ քարոզարշավների հարցով սողանցքը բաց էր թողնված մեր օրենքում։
Երկրորդ կարևոր հանգամանքը անհատների կողմից նվիրատվության և անդամավճարի սահմանաչափերի հստակեցումն է։ Մենք տարեկան կտրվածքով ունենալու ենք միասնական սահմանաչափ, և այն էապես՝ 50 տոկոսով կրճատվելու է։ Այժմ խոսքը 10 միլիոն դրամի մասին է։
Ինչ վերաբերում է արտաքին ֆինանսավորմանը, այս պահին գործող օրենքում ևս նման արգելք կա։ Խնդիրն այն է, որ այդ օրենքի կետերը կյանքի չեն կոչվում։ »,- նշեց Համազասպ Դանիելյանը։
Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշում է, որ մաքսիմալ ձևով պետք է հասկանալ կուսակցության նվիրատվության աղբյուրները։
«Կուսակցության ֆինանսավորումը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ։ Եթե կան պետական միջոցներ, որոնք տրվում են կուսակցությանը, ծախսային և մուտքային հոդվածները պետք է լինեն թափանցիկ, նույն ձևով թափանցիկ պետք է լինեն անդամավճարների հետ կապված հարցերը։ Եվ պատկերացրեք, եթե որևէ հայտնի մարդ, մեծահարուստ ցանկանում է կուսկցությանը ֆինանսավորել, պետք է ֆինանսավորի որպես ֆիզիկական անձ։
Բացի այդ, մաքսիմալ ձևով պետք է փորձել հասկանալ կուսակցության նվիրատվության աղբյուրները։ Եթե մի ֆինանսական կազմակերպության տարբեր աշխատակիցներ սկսում են անընդհատ նվիրատվություններ անել տվյալ կուսակցությանը, պարզ բան է, եթե բացում եք հաշվետվությունը և տեսնում, օրինակ էսինչ ՍՊԸ-ից 100 հոգի 5 մլն դրամ նվիրատվություն է արել տվյալ կուսակցությանը, պարզ կլինի՝ ֆինանսավորումը որտեղից է գալիս։ Էստեղ գալիս ենք արդեն ուժեղ վերահսկիչ մարմնի անհրաժեշտությանը»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանի խոսքով, «Կուսակցությունների մասին» օրենքը դառնում է Սահմանադրությունից ավելի կարևոր։
«Ունենք մի շարք խնդիրներ, որոնիցի առաջինն այն է, որ կուսակցությունները ինստիտուցիոնալիզացված չեն։ Սրա հետ կապված ունենք 4 առաջնահերթություն։ Առաջին հերթին դա կուսկցությունների ֆինանսական հնարավորությունների համահարթեցում է։ Այսինքն՝ հավասարեցնենք մեկնարկային հնարավորությունները բոլոր կուսակցությունների միջև։ Երկրորդը կուսակցությունների հանդեպ թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկելիության մեխանիզմենրի ամրապնդումն է։ Այս երկուսից բխում է նաև երրորդը՝ կուսակցությունների հանդեպ հանրային վստահության բարձրացումը և քաղաքացիների հետ կապի ամրապնդումը։ Եվ չորրոդ ամենակարևոր բանը, որը պետք է լինի նաև ազգային անվտանգության համար կարևոր, ապօրինի ֆինանսների մուտքի բացառումն է քաղաքական դաշտ։ Ինձ համար պետական դավաճանությանը համարժեք է, եթե որևէ օտարերկրյա աղբյուրից կուսակցությունը ֆինանսավորվում է»,- նշում է Խաչիկ Հարությունյանը։