Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում
Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում: Այսօր ներկայացվել են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ:
Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ուղեցույցները հասանելի են ՊԵԿ պաշտոնական www.petekamutner.am կայքում երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։
Հարկատեսակների վերաբերյալ դրույթները և տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ներկայացված են գործնական օրինակներով և գծապատկերներով։ Ուղեցույցներում կան նաև ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածների և ՀՀ կառավարության որոշումների ակտիվ հղումները։
Ուղեցույցները պարբերաբար լրամշակվելու են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ:
«Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության թափանցիկությունը, ինչպես նաև հարկ վճարողների հարկային համապատասխանությունը, նպաստել հարկային վեճերի քանակի և համապատասխան վարչական ծախսերի նվազեցմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան