«Իր կատարելիք աշխատանքները քաղաքային իշխանությունը չի կատարել». Հռիփսիմե Առաքելյան
«2020 թվականի քաղաքային բյուջեի հետ կապված մեր ամենամեծ դիտարկումն այն է, որ կանխատեսելիությունը ավելի մեծ է. 107 մլրդ բյուջե են կանխատեսում մեր գործընկերները, քանի որ կարծում են, որ հավաքագրումները ավելի շատ են լինելու։ Պետք է նշել, որ պետական սուբսիդավորումը մեծացել է, և քաղաքային բյուջեի մեծացումը կապված է նաև պետական բյուջեի հատկացումների հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով 2020 թվականի Երևանի ավագանու բյուջեին։
Առաքելյանի խոսքով, պետբյուջեից քաղաքային բյուջե հատկացումները մեծացել են՝ կապված մի շարք ոլորտներում աշխատավարձերի բարձրացման հետ. «Այդ աշխատավարձերը անմիջապես նպատակային ծախսեր են, և դրանք պարզապես հնարավոր չէ այլ ծախսերի վրա օգտագործել։ Բյուջեն կարող է մեծացել է, բայց բյուջեում եղած գումարը բացառապես պատկանում է այդ սեկտորի մարդկանց՝ որպես աշխատավարձ։ Ծախսերի կանխատեսման հարցող 116 մլրդ է նախատեսվում, այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել դեֆիցիտի վրա, որի մասին բազմիցս խոսվել է։ Սակայն պետք է նշենք, որ դեֆիցիտը 9 մլրդ 100 մլն-ի չափ է, և այն առաջիկա բյուջեի մասով շատ է՝ շուրջ 9 տոկոս։ Իսկ ինչու է այդ դեֆիցիտը առաջացել։ Պետք է ասեմ, որ ընթացիկ տարվա՝ 2019 թվականի դեֆիցիտը կազմել է 8.5 մլրդ, բայց մենք դրան ըմբռնումով ենք մոտեցել, քանի որ նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում քաղաքային իշխանությունը պարալիզացված վիճակում էր»։
2020-ի բյուջեի կանխատեսումը, Առաքելյանի համոզմամբ, անհասկանալի է։
«Ուղղակի պարզաբանման կարիք ունենք մենք, թե ինչն է եղել այդ դեֆիցիտի պատճառը։ Պետք է արձանագրեմ նաև, որ վերջին 5 տարում ամենամեծ դեֆիցիտի քանակը քաղաքային բյուջեում եղել է 250 միլիոն։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը օրերս տեսակետ հայտնեց, որ մենք գումարը ունեցել ենք, սակայն չենք ծախսել։ Հիմա մեր հարցը սա է, ինչու ծրագրերը չեն իրականացվել և այդ գումարը չի օգտագործվել։ Պարզաբանումը հետևյալն է՝ ծախսերը չեն իրականացվել մի շարք հարգելի պատճառներով, դրանցից մեկով նշվում է, որ Սանիթեքին չեն վճարել մոտ 1 մլրդ 100 մլն, քանի որ պատշաճ չի կատարել իր աշխատանքները և այստեղ տնտեսում է եղել»,-նշում է նա:
Հարցին, թե որն է քաղաքապետարանի վերոնշյալ «տնտեսման» բացասական կողմը, Հռիփսիմե Առաքելյանը նշեց. «Այս տարվա գումարը, որ պետք է ծախսվեր 2019-ին, չի ծառայել նպատակին։ Այն ուղղորդվել էր տարբեր ծրագրերի, որոնք չեն կատարվել։ Այդ գումարը մնացել է, հիմա էլ ասում են 2020-ին կծախսենք։ Այսինք ՝ իր կատարելիք աշխատանքները քաղաքային իշխանությունը չի կատարել»։
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշում է, որ պարզ չէ՝ իր ներկայացրած որ ծրագրերը չի կատարել Երևանի քաղաքային իշխանությունը. «Ուղղակի ներկայացվել են թղթեր և թվեր. ներկայացվել է բյուջե, բայց հստակ նշված չեն կետերի կատարման մոնիթորինգային տվյալները»։
Շարունակելով Միքայել Մանրիկյանի խոսքը՝ Հռիփսիմե Առաքելյանը օրինակ ներկայացրեց, ըստ որի՝ 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման համար հատկացվել է 90 մլն դրամ, բայց, Առաքելյանի համոզմամբ, որևէ մեկը չի կարող հասկանալ՝ ինչ վթարային շենքերի մասին է խոսքը։
«Դա մանիպուլյացիա է, գրված է, բայց հստակ նշված չէ՝ որ վթարային շենքերի մասին է խոսքը»։
Անդրադառնալով 2020 թվականի բյուջեի ծրագրին՝ Միքայել Մանրիկյանը նշեց, որ կան կետեր, որոնք լիարժեք հիմնավորված չեն. «Օրինակ՝ առողջապահական համակարգին 170 մլն է հատկացվում։ Նշվում է, որ գնվելու են նոր սարքավորումներ, բայց ինչի հիման վրա են կոնկրետ գնելու էդ սրքերը, նշված չէ։ Առողջապահական ծրագիր ներկայացնելիս հստակ մոնիթորինգ պետք է կատարված լինի։ Եթե դու ձեռք ես բերում սարքեր, պետք է նաև դրանք օգտագործող բժիշկների վերապատրաստում իրականացնես և զբաղվես դրա ֆինանսավորմամբ։
Եվ 250 անապահով անձի է տրամադրվելու անվճար կոմպյուտրային տոնոգրաֆիայի և յամերի հետազոտություններ։
«Մենք միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաք ենք, կարծում եմ այստեղ պետք է ուշադրություն դարձնենք՝ ինչի հիման վրա է նշվել 250 անձ»,-նշում է նա։
Մանրիկյանը հատուկ մատնանշեց, որ Երևանի ընդամենը 2 պոլիկլինիկաների կտուրներ են նորոգվելու. «Կարելի էր ամեն տարի գոնե մեկ պոլիկլինիկա հիմնանորոգել»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան