«Իրատես». Փաշինյանն այժմ էլ Հիսուսի հետ է համեմատում իրեն
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման մասին առաջին բանը, որ մտածեցի, այն էր, թե հանդիպումն ինչու էր տեղի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում կազմակերպվել:
Ըստ իմ ունեցած եկեղեցական պատկերացումների՝ եկեղեցում բացառապես հոգևոր ծեսեր ու արարողություններ են կատարվում՝ ժամերգություն, պատարագ, խոկում, քարոզ և այլն: Չգիտեմ՝ նախկինում եղե՞լ է արդյոք նման նախադեպ, այնուամենայնիվ, կատարվածի համար որևէ լուրջ հիմնավորում չեմ լսել: Եկեղեցում տեղի ունեցած քաղաքական բնույթի հարցուպատասխանի ժամանակ թերևս միայն մի դրվագ էր, որ որոշակիորեն կապվում էր Աստծո կամ հոգևորի հետ, այն էլ՝ նորից քաղաքական ենթատեքստով: Տեղացի հայ կնոջ հորդորին, թե «պարոն Փաշինյան, հրաժարական տվեք վարչապետի պաշտոնից», վարչապետը խիստ վրդովված ու աստվածաշնչյան մեջբերմամբ պատասխանեց. «Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը մարդիկ դարձրել են առևտրի և դալալության միջավայր»,- ասաց նա: Չգիտեմ՝ հոգևոր հայրերը որքան են հաշտ Փաշինյանի նմանօրինակ համեմատության հետ, բայց հազար անգամ «մեղա քեզ, Տեր» ասելով՝ մեզ թույլ տանք համեմատել ու արձանագրել՝ Քրիստոսն իր մոլորյալ, անհավատ ու իրեն քարկոծող զավակների հետ «պադվալներում գտնելու ու վզներից բռնելու» տոնով չէր խոսում: Գոնե Աստծո տանը կարելի էր ավելի զուսպ, հանգիստ, ինչ-որ տեղ նաև վախվորած խոսել:
Երևի հենց նույն «սիրո» մեջ էր տեղավորվում նաև ադրբեջանցի բլոգերի հարցին մեղմ, հանգիստ տոնով պատասխանելն ու նրա ներկայությունը մեզ համար սուրբ վայրում հանդուրժելը: Ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը. «Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ հայը հնարավորություն չէր ունենա մտնելու միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»: Իսկ մե՞նք ինչու ենք նման բան թույլ տալիս, ինչպե՞ս կարելի է թշնամուն հանդուրժել մի վայրում, որը դարեր շարունակ ավերվել ու պղծվել է նրա կողմից: Դեռ քանի՞ դար պետք է անցնի, որ մաթևոսյանական տողերը մեզ համար կարգախոս ու կենսաձև դառնան. «Էսքան ներել ու ներե՞լ, էսքան չարություն ու էսքան ներե՞լ, ներել ու մոռանա՞լ: Բա ցեղդ հիշողություն չունենա՞»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան