Ուսանողները ԿԳՄՍ նախարարության կողմից կոմպրոմիսի գնալու քայլեր չեն տեսնում
«Խնդիրներ ունենք հանրակրթական դպրոցներում, տարվող կրթական քաղաքականության, ընդունելության քննությունների հետ: Կարծում ենք՝ այս խնդիրները դեռ չլուծված Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների՝ բուհերում ոչ պարտադիր դարձնելը որպես բարեփոխում, տրամաբանական չէ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը , ով միացել է դասադուլ անող ուսանողներին՝ բողոքելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի դեմ:
Նա նշեց, որ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում այժմ այդ առարկաների դասավանդումը բուհերում պարտադրված է օրենքով, սակայն չեն դասավանդվում ամբողջական արդյունավետությամբ, ծրագրերի փոփոխություն է անհրաժեշտ:
«Այս խնդիրները տեսնում ենք, սակայն դա չի նշանակում, որ այս երկու առարկաները պետք է դուրս բերեն պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից: Հայաստանի համար պատրասվող մասնագետները պետք է տիրապետեն Հայոց լեզվին և գրականությանը, Հայոց պատմությունը գոնե բավարար մակարդակով»,- ասաց Է. Գալստյանը:
Նա նշեց, որ պահանջ-խնդրանքով դիմել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին և գիտական խորհրդին՝ հրավիրել արտահերթ նիստ քննարկելու այդ օրենքի նախագծի կոնկրետ հայագիտական առարկաներին վերաբերող կետերը: Նրա խոսքով, այժմ թեև դասադուլը դադարեցված է՝ հետևելով իրենց դասախոսների կոչին, սակայն շարունակում են տարաբնույթ հանդիպումներ հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների հետ, ովքեր մտահոգ են այս խնդրով:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ ծիծաղելի վիճակ է. «Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ: Չեմ ուզում այստեղ միտում տեսնել, ուզում եմ տեսնել խնդրի խորքը չհասկանալու, չըմբռնելու երևույթ: Եթե միտում տեսնենք, լավ բան չի ստացվի»:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Ամալյա Հարությունյանն ասաց, որ հայագիտական առարկաները կամընտրության դաշտ մղելու հետ կապված ընտրությունը, ըստ օրինագծի, կայանալու է գիտխորհրդի միջոցով:
«Թող չհնչի այնպես, որ անվստահություն կա գիտխորհրդի նկատմամբ, բայց ինչքանո՞վ ենք վստահ, որ գիտխորհրդում կայացրած այդ որոշումը և ընդհանրապես շատ որոշումներ արտահայտում են ուսանողության կամքը»,- նշեց նա:
Ուսանողները նշում են, որ նախարարության կողմից կոմպրոմիսի գնալու քայլեր չեն տեսնում:
«Օրեր առաջ կայացավ դասախոսական անձնակազմի ու նախարարի հանդիպումը: Այստեղ սպասելիքներն ու իրականությունը բախվեցին իրար: Հույս կար գոնե ինչ- որ կառուցողական մթնոլորտում զրույցը կընթանա, կոմպրոմիսային տարբերակներ կգտնեն, բայց կարելի է ասել՝ ձախողվեց: Ոչ միայն մթնոլորոտը կառուցողական չեղավ, ըստ էության, հանդիպումն ուղղված էր լարվածությունը մեղմելուն, բայց ունենք այն, ինչ ունենք. հենց բանակցության արդյունքում ձևավորվեց լարվածություն»,- ասաց Ամալյա Հարությունյանը:
Ուսանողներն ասացին, որ իրենք սպասում են մինչև կստանան դիմում-պահանջի պատասխանը, որը հավանաբար կլինի երկուշաբթի, որից հետո կհայտարարեն իրենց անելիքների մասին: Միաժամանակ ընդգծեցին, որ իրենք պայքարը շարունակելու են, շատ ֆակուլտետների դեկաններ անվերապահորեն աջակցություն են հայտնել իրենց շարժմանը, այսինքն դեմ են հայագիտական առարակների կարգավիճակի փոփոխությանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
- ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
- «Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան