Ջութակահար Սուրեն Հախնազարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում
Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին տեղի ունեցավ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին մասնակցեցին Հախնազարյանների ողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Սուրեն Հախնազարյանը ևս իր կատարումներով հանդես եկավ:
Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ ունեցան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և համերգի հյուր Խաչատուր Ալմազյանը (ջութակ): Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Տիգրան Հախնազարյանը: Հանդիսատեսի բուռն ծափահարություններն էին արժանանում երաժիշտները, մեծ բավականություն էին ստանում պրոֆեսիոնալ երաժիշտների կատարումներից:
Համերգի ընթացքում ելույթ ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Դժվար է գնահատական տալ այն շքեղ ուղուն, որ դուք անցել եք, դժվար է գնահատել ձեր ներդրումը, վաստակը հայ կատարողական արվեստի զարգացման գործում, հայ կատարողական դպրոցի զարգացման գործում, ընդհանրապես հայ արվեստի, երաժշտարավեստի հանրայանացման և միջազգայնացման գործում: Միշտ և ամենուր շատ ծանրակշիռ եք ներկայացրել հայ կատարողական արվեստը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ոչ միայն այն ամենի համար, ինչ արել եք, այլև ձեր ամենամեծ արվեստը հանդիսացող զավակների համար: Հիացման են արժանի պայծառ, մեծատաղանդ արվեստագետները»,- ասաց նա:
Ջութակահար Սուրեն Հախնազարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝ երաժշտության բնագավառում ունեցած վաստակի համար
«Կարծում եմ ուշացումով է, բայց ոչ ուշացած»,- ասաց Ա. Խզմալյանը:
Սուրեն Հախնազարյանը 2008թ-ից Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974 – 2007թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ.-ից դոցենտ, 1993թ.-ից պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովի անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (պրոֆեսոր Վիլլի Մոկացյան, 1972թ.) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լեոնիդ Կոգան, 1974թ. ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան