Մի քանի լուրջ անակնկալ՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն ամփոփող ցուցահանդեսում
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Թումանյանի թանգարանը կամփոփի մեծ ցուցահանդեսով, որի ժամանակ անդրադարձ կկատարվի նրա 50, 100, 150-ամյակներին, կներկայացվի այդ ամբողջ շղթան: Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը բացվելու է դեկտեմբերին ու շարունակվելու է մինչև մեծ դասականի ծննդյան օրը՝ 2020 թվականի փետրվարի 19-ը:
«Մի քանի լուրջ անակնկալներ ունենք, որոնց վրա աշխատել ենք տարվա ընթացքում: Հանրությունն այդ օրը կիմանա Թումանյանի մասունքների հետ կապված բաներ, որոնց մասին մինչև հիմա լուռ է եղել: Դրա մատուցման յուրահատուկ ձևաչափը գտել ենք, որովհետև շատ երկար ենք մտածել»,- ասաց նա:
Ցուցահանդեսի շրջանակում անդրադարձ կլինի նաև Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում թանգարանի կողմից հրատարկված գրքերի շարքին, մի մասը կներկայացվի փետրվարի 19-ին:
Անի Եղիազարյան ասաց, որ Հովհաննես Թումանյանը սիրում էր իր հոբելյանները նշել տանը, ընտանեկան, մտերմիկ միջավայրում:
«Սակայն այն, ինչ ժողովուրդն է կազմակերպում մեծ գրողի հոբելյանների առիթով՝ դպրոցներում, մշակութային, թատերական կենտրոններում, այսինքն որևէ տեղից չհամակարգված, սա այն ամենամեծ գնահատականն է, որ տալիս ենք մեծ գրողին, որևէ բան չի փոխարինի դրան՝ մեծ ժողովրդայնությունը, որը եղել է և Թումանյանի կենդանության օրոք, և նրա մահից արդեն շուրջ 100 տարի անց»,- ասաց Թումանյանի թանգարանի տնօրենը:
Հարցին՝ արդյո՞ք Հովհաննես Թումանյանը դեռ բացահայտվելու տեղ ունի, թե ամեն ինչ արդեն ասված է մեծ գրողի, նրա ստեղծագործական ժառանգության մասին, Անի Եղիազարյանն ասաց. «Անշուշտ, ոչ միայն բացահայտելու, այլ նոր հայացքով, նորովի դիտելու, ընթերցելու, վերանայելու Թումանյանի ստեղծագործությունների ամբողջ գրականագիտական դաշտը: Մեծ վաստակ ունի ավագ սերնդի, խորհրդային շրջանի գրականագիտական միտքը: Բայց գրականագիտությունը որպես այդպիսին մեծ զարգացում ու թռիչք է ապրել աշխարհում: Ժամանակն է, որ նոր տեսանկյունից դիտվի Թումանյանի ստեղծագործությունները: Վստահաբար, նոր եզրեր, շերտեր կբացվեն»:
Նրա խոսքով, դեռ նախորդ տարվանից թանգարանը ձեռնարկել է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի լրամշակված հրատարակությունը: Տաս հատորից արդեն հրատարակվել է երեքը, չորրորդի վրա են աշխատանքներ տարվում:
«Կարևոր է, որովհետև որևէ դեպքում չի կարող լինել լուրջ թումանյանագիտություն, եթե խմբագրված է հրատարակված Թումանյանը: Նախ պետք է խմբագրումներից ազատենք: Նախկինում խմբագրումներ են եղել ինչ-ինչ պատճառներով՝ ելնելով ժամանակաշրջանից: Մեծ աշխատանք է արվել Էդվարդ Ջրբաշյանի խմբագրական ղեկավարությամբ երկերի լիակատար ժողովածուի հրատարակման ժամանակ: Օրինակ՝ Թումանյանի կենդանության օրոք հրատարակություններում, ձեռագրային աղբյուրներում Աստված, Տեր բառերը գրված են մեծատառերով: Այս հրատարակությունում, պայմանավորված ժամանակաշրջանով, դրանք փոխված են եղել: Բայց հիմա ազատ ենք այս խնդիրները լուծելու համար»,- ասաց Անի Եղիազարյանը:
Թանգարանի տնօրենը նշեց, որ ժամանակի ընթացքում նաև ի հայտ են եկել նոր հանգամանքները, նոր արխիվներ, նոր նյութեր, որոնք նախորդ հրատարակությունում չեն եղել: Ի հայտ եկած նոր նյութերը ներառվում են նոր հրատարակվող հատորյակներում:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով
- Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունները՝ Լևոն Շանթի արևմտահայերեն փոխադրությամբ
- Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
- Գրադարանավարի օր. նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին
- «Հովհաննես Թումանյան. Նորահայտ փաստաթղթեր»
- «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
- Խոջիվանքի պանթեոնում կայացել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հիշատակին
- Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
- Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
- Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
- Հովհաննես Թումանյանի թոռնուհու փափագը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին