Մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25-ին մահացավ լեգենդար անձնավորություն ՝ հայտնի հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը: Դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մեր սիրելի Գոհար Վարդանյանի ընտանիքին: Նրա կորուստն անփոխարինելի է բոլորիս համար:Լեգենդար Գոհար Վարդանյանին հավերժ հիշատակ…»,- այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ու ցավակցություններ հղել հարազատներին ու ընկերներին։
Գոհար Վարդանյանը 93 տարեկան էր։ Նա ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին Մոսկվայում:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով կոչվել է Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը
- «Ռոսիա 1»-ը ֆիլմ է ցուցադրելու ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան