Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին աճել է 7.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։
Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 8.8%-ով, շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5%, մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 2.7%-ով։
Առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.9%-ով, ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.1%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.6%-ով:
Վիճակագրության համաձայն՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությանը աճել է 6.5%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 7.25 %-ով, ներմուծումը՝ 6.2%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 6%-ով: