Բեյրութում հայտարարվել է համընդհանուր բողոքի ու գործադուլի օր
Այսօր վաղ առավոտյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական ցուցարարների և Հեզբոլլահ և Ամալ շիա խմբավորումների աջակիցների միջև բախումներ են տեղի ունեցել։ Լարվածությունն աճել էր, երբ ցուցարարները փակել էին գլխավոր կամուրջը:
Հեզբոլլահն ու Ամալը երկուսն էլ ներկայացված էին կոալիցիոն կառավարությունում՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ, որը բողոքի ցույցերի սկսվելուց հետո լքեց պաշտոնը հոկտեմբերի 29-ին:
Անվտանգության ուժերը բարիեր են կազմել Բեյրութի հիմնական ճանապարհին՝ ցուցարարներին շիա խմբավորման աջակիցներից բաժանելու համար։ Կողմերը քարեր են նետել միմյանց ուղղությամբ։ Բազմությանը ցրելու համար օգտագործվել է նաև արցունքաբեր գազ։ Ցուցարարները վանկարկում են «հեղափոխություն, հեղափոխություն»: Վնասվածքներ է ստացել 5 մարդ, որոնց առաջին օգնություն է ցուցաբերվել։
Այսօր, ինչպես հայտնում է Արևելք լրատվականը, Բեյրութի տասնյակ կարևոր ճանապարհներ կմնան փակված։ Հարյուրավոր ցուցարաներ հայտարարել են, որ այսօր լինելու է բողոքի ու համընդհանուր գործադուլի օր։
Ինչպես գրում է reuters-ը, Լիբանանում հակակառավարական բողոքի ցույցերի 5-րդ շաբաթն է, որը սկսվեց, երբ կառավարությունը որոշեց բարձրացնել WhatsApp-ի զանգերի գները։ Այժմ ցուցարարները պահանջում են ողջ կառավարության հրաժարականը։