Բազմահազարանոց ցույցեր՝ այսօր նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ
«Կինը հեռանում է տղամարդուց, իսկ վերջինս սպանում է կնոջը», «Իմ կրած զգեստը դեռևս չի նշանակում համաձայնություն», «Իմ մարմինն, իմ ընտրությունն է, իմ որոշումը». նման կարգախոսներով` մոտ տասը հազար մարդ դուրս էր եկել Բրյուսելի փողոցներ՝ բողոքելու ընտանեկան բռնության ու կանանց սպանության դեմ: Այս մասին գրում է euronews-ը։
Նոյեմբերի 25-ը նշվում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։
Ըստ ՄԱԿ-ի, ամբողջ աշխարհում բռնությունը շարունակում է մնալ վերարտադրողական տարիքի կանանց մահվան կամ հաշմանդամության հիմնական գործոններից մեկը:
«Ոստիկանը պետք է հոգ տանի այս կանանց մասին: Եթե ասում են, որ իրենց նախկին զուգընկերները հետևում են իրենց, ապա պետք է հավատան, ոչ թե ուղարկեն իրենց տուն: Դրա համար պետք է ինչ-որ բան անել», - ասում են բողոքի դուրս եկածները:
Բելգիայի սոցիալիստական և «Ժողովրդավարություն, ֆեդերալիզմ, անկախություն» կուսակցությունները օրինագծեր են ներկայացրել՝ երկրի քրեական օրենսգրքում ֆեմիցիդը (կանանց սպանություն) ներառելու համար: Նշվում է, որ Բելգիայում վերջին 3 տարում տեղի է ունեցել մոտ 100 նման սպանություն։
Բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Ֆրանսիայում, որը Արևմտյան Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն ունի կնասպանության առումով։ Միայն այս տարի ֆեմիցիդի զոհ է դարձել 115 կին։
Օրվա կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ու ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետական քարտուղար Ամելի դե Մոնտչալինն ու Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն՝ կարևորելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» հաջողությունը։
Նշվում է, որ 5 տարի առաջ կոնվենցիան, որը հայտնի է նաև Ստամբուլի կոնվենցիա անունով, մտավ ուժի մեջ: Այսօր այն վավերացրել է 34 պետություն, 11 պետություն ստորագրել է այն՝ ներառյալ ԵՄ-ն ու Հայաստանը։