«Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ գինիները՝ ENOEXPO 2019 միջազգային ցուցահանդեսում
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ, նոյեմբերի 20-22-ը հայկական գինիները մասնակցել են Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպված ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսին։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերության ոլորտի մասնագիտական միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացրել է հայկական գինեգործական 15 ընկերությունների գինին և կոնյակը։
Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողների այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Կոսովոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ և գնորդներ։
Նոյեմբերի 21–ին և 23-ին, Կրակովի «Krakow Slow Wines» գինու սրահում տեղի է ունեցել հայկական գինիների համտես-սեմինար՝ Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների և լրագրողների համար, որն անցկացվել է Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող և փորձագետ Մարիուշ Կապչինսկիի կողմից։
Լեհաստանի գինու շուկան՝ շարունակական աճի ցուցանիշներով, հայկական գինիների արտահանման համար թիրախային է, որտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռևս հագեցած չէ, թեև գինու իրացման ծավալների տարեցտարի գրանցվող աճը ենթադրում է, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել բարենպաստ։
Հարակից հրապարակումներ`
- ՀԽԳՀ-Ն հայկական գինին և կոնյակը ներկայացնում է China International Import Expo 2019 ցուցահանդեսում
- Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը
- Հայկական գինիների արտադրությունը զգալի աճել է
- Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել է շուրջ 6.3 մլն դոլարի մրգային գինի
- Հայկական գինիների արտադրությունն աճել է
- Հայկական գինիները կներակայացվեն Գերմանիայի «Weinsommer» գինու փառատոնին