Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա
Երևանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը` 10 վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասել է, որ մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումն սկսված է: 12 վերելակ մատակարարներն արդեն ներկրել են, ևս 8-ը ճանապարհին է։
Փորձնական ծրագրի արժեքը 20 վերելակների համար շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվում է ամբողջական նախագծով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է փոխարինվեին:
Ամբողջական նախագծի իրագործումը, խոսքը շուրջ 3500 վերելակների մասին է, քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցությամբ:
«Ֆոնդի ամբողջական փոխարինումը կատարվելու է փոխառու միջոցների հաշվին, և դրանք պետք է մարվեն տարիների ընթացքում: Վճարները կավելանան ոչ էականորեն՝ համեմատած այն ծառայության ու ապրանքի հետ, որ կստանա բնակիչը: Խոսքը կարող է լինել առավելագույնը 30-40%-ի մասին: Որպեսզի մոդելի, այսպես ասած, «իդենտիկությունը» պահպանենք, նույն վճարների գանձման մեխանիզմը կկիրառենք: Այդ վճարները կգանձվեն, բայց համայնքը չի վերցնի այդ գումարը, այլ այն կտրամադրենք տվյալ շենքը սպասարկող համատիրությանը»,-մանրամասնել է Երևանի փոխքաղաքապետը:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրերում ներառել են դրանց ներառականության բաղադրիչները, կուրություն ունեցող անձանց համար ընթեռնելի սեղմակների տառատեսակները, ձայնային համակարգը, անվտանգության կանչի համակարգը, ինչպես նաև սեղմակների համապատասխան բարձրության ապահովումը, որպեսզի դրանից կարողանան օգտվել նաև սայլակով մարդիկ։
Ըստ աղբյուրի, 20 վերելակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչև տարեվերջ: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետարանը 2020թ. նախատեսում է վթարավտանգ ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը բազմաթիվ զանգեր է ստացել վերելակներում արգելափակված քաղաքացիներից
- Չինական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում վերելակների գործարան հիմնել
- Վերելակների սպասարկման համար ամսական վճարվող միջինը 1600 դրամը կարող է ավելանալ մոտ 20-30 տոկոսով
- Մեր խնդիրն է՝ վերելակները փոխարինենք, իսկ բնակիչները տարիների ընթացքում այդ գումարը վճարեն. քաղաքապետ
- Կոտայքում նախատեսում են վերելակների հավաքման արտադրամաս հիմնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան