ՏԶՆԿ. Ձեռնարկություններին տրված վարկերի ծավալները շուրջ երկու անգամ կրճատվել են
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաև սպառողական վարկերի դինամիկային 2018-2019թթ. 3 եռամսյակների ընթացքում:
2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալները ոչ միայն զգալիորեն զիջել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (տե՛ս գծապատկերում), այլ նաև սպառողական վարկերի ծավալներին: Դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերի ծավալները շուրջ երկու անգամ կրճատվել են` կազմելով 76.4 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ սպառողական վարկերի ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով՝ կազմելով 165.2 մլրդ ՀՀ դրամ:
Հետաքրքրական է նկատել, որ դիտարկվող ժամանակահատվածում սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են, և ինչպես անդրադարձ է կատարվել ՏԶՆԿ նյութերից մեկում, հանգեցրել են ավելի բարձր ՀՆԱ-ի աճի տեմպերի հիմնականում վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի ավելացման միջոցով: Սա նշանակում է, որ աճը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պահանջարկով:
Ձեռնարկություններին տրամադրված վարկերի շնորհիվ հիմնական միջոցների վրա ուղղվող ծախսերի ավելացումը, ընդհանուր առմամբ, նպաստում է հավելյալ արժեքի ստեղծմանը և ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: 2019թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնական միջոցների համախառն կուտակման աճի տեմպը 2018թ.-ի նույն եռամսյակի համեմատ բացասական է եղել և կազմել է -0.5%, որը պայմանավորված է ձեռնարկությունների կողմից հիմնական միջոցների ձեռքբերմանն ուղղվող ծախսերի մակարդակի և պետական բյուջեով նախատեսված՝ որպես հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերի ընդամենը 24%-ով կատարման հետ:
Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերը շուրջ 2 անգամ կրճատվել են և չեն հանգեցրել հիմնական միջոցների համախառն կուտակման ավելի բարձր աճի տեմպերի, ինչն ավելի մեծ չափով կնպաստեր ՀՆԱ-ի աճին: Հակառակ պատկերն է արձանագրվել սպառողական վարկերի դեպքում, որի աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 23%, ինչն ահազանգող միտումներ է պարունակում, քանի որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ էականորեն չեն աճում բնակչության եկամուտները:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ նախագահ
- Տեղական ցեմենտ արտադրողին օժանդակող նախագիծը դեռևս չի ծառայում նպատակին. ՏԶՆԿ
- ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմեր 30-40%. ՏԶՆԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան