Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Հստակ է, որ գործարար Սամվել Ալեքսանյանը կամազներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին, սակայն հայտնի չէ հստակ քանակը: Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա հույս հայտնեց, որ քաղաքապետարանը պարզաբանումներ կտա:
«Բայց ինձ ապշեցնում է այն հանգամանքը, որ այն խմբակցությունը, ուժը, որը յուրաքանչյուր հաջորդ եկած բեռնատարը նկարում ու ֆեյսբուքում տարածում է, այսօր չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, թե ի վերջո այդ երկու տասնյակից ավելի մեքենաներն ումից է նվեր ստացել և ինչի դիմաց: Եթե նախապես հայտարարեին, որ, օրինակ, «Ալեքս հոլդինգը» ցանկանում է նվեր անել, կհասկանայինք, հրապարակային, թափանցիկ կլիներ: Եթե ամիսներ շարունակ պահել են, այստեղ հստակ խնդիր ենք տեսնում»,- ասաց նա:
Դ. Խաժակյանի կարծիքով, այսքան ժամանակ գաղտնի պահելը պայմանավորված է նաև որոշակի հանգամանքներով, փոխադարձ ըմբռնմամբ:
Խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընդգծեց, որ գաղտնիությունն արդեն կասկածի տեղիք է տալիս. «Ինչումն է գաղտնիության խնդիրը: Արդյո՞ք ունենք այդ մարդկանց տված խոստումներ: Դրական են մոտենում, որ նախկին իշխանության ժամանակ գործարարները, որոնք հարկերից ազատված են եղել, այսօր որպես մեղքերի քավություն, կարող են նվեր անել քաղաքին: Սակայն ինչո՞ւ է գաղտնի պահվել»:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողներին ասաց, որ գաղտնի նվերներ քաղաքապետարանը որևէ մեկից չի ստացել, Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել, այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նա նշեց, որ եթե որևէ գործարար, այդ թվում պարոն Ալեքսանյանը, որոշեն օժանդակալ քաղաքային տնտեսությանը, նվեր մատուցել, քաղաքը շնորհակալ կլինի դրանից:
«Քաղաքը դրա փոխարեն որևէ արտոնություն բիզնեսին չի տրամադրում»,- ընդգծեց նա:
Իսկ թե ինչո՞ւ ավագանու որոշում չի եղել, նա նշեց. «Ոչ բոլոր դեպքերում է, որ ավագանու որոշման իմպերատիվ պահանջ կա»:
Հարցին՝ այդ դեպքում ո՞վ է նվիրել, Հակոբ Կարապետյանը պտասխանեց, որ քաղաքապետը մոտ օրերս շնորհակալագրեր և պատվոգրեր տրամադրի այդ կազմակերպություններին կամ անհատներին։
«Ես անուններին չեմ տիրապետում, շատ են»,- ասաց նա:
Հ. Կարապետյանն ասաց, որ գործընթացը չի ամփոփվել, բառացիորեն օրերս պայմանագիր է կնքվել մի քանի տեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ, որոնք պետք է հավաքեն քաղաքի տարբեր վարչական շրջաններից թղթային թափոնները։
«Դա էլ է նվիրատվություն, պրոցեսը շարունակական է։ Տարին ամփոփելիս տվյալները պետք է ի մի բերվեն և ներկայացնեմ հանրությանը», - նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան