Խաժակյան. Հնարավոր չէ՝ նախատեսում ես երկարաժամկետ ծրագիր և ընթացքում այդ ծրագրից ինչ-որ կոմպոնենտներ ես հանում
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը նախքան ավագանու նիստը հանդես եկավ հայտարարությամբ՝ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հետ կապված:
Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ 2018 թվականին ընդունված հնգամյա ծրագրում կետեր կային քաղաքում մի շարք տրանսպորտային հանգույցների կառուցման վերաբերյալ, նաև՝ 4-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված:
«Մեզ է ներկայացվել հնգամյա զարգացման ծրագիր, որը դրվել է հանրային քննարկման, որտեղ նշված կետերը պարզապես բացակայում են: Որպես հիմնախնդիր նշվում է, բայց որպես ծրագիր, որ պետք է իրականացվի, այս մասով այն ինչ եղել է, դուրս են բերում: Այդպես հնարավոր չէ, որ նախատեսում ես երկարաժամկետ ծրագիր, և ընթացքում այդ ծրագրից ինչ-որ կոմպոնենտներ ես հանում»,- ասաց Խաժակյանը:
Նա նշեց, որ չի պահպանվել Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 82-րդ հոդվածի համապատասխան կետը, որով քաղաքապետը կարող է փոփոխել հնգամյա զարգացման ծրագիրը բացառապես այն դեպքում, երբ ներկայացնում է հաշվետվություն և ասում, որ ունի օբյեկտիվ խնդիր և չի կարողանում այդ կետերը իրականացնել: Ավագանու անդամն ընդգծեց, որ Երևանի ՏԻՄ օրենքում հստակ ասվում է, որ առանց օբյեկտիվ խոչընդոտների հստակ պարզաբանման հնարավոր չէ փոփոխություն իրականացնել:
«Դիմելու ենք այսօր քաղաքապետին՝ պահանջելով պարզաբանումներ այդ խոչընդոտների վերաբերյալ»,- ընդգծեց Դ. Խաժակյանը:
Նա նշեց, որ այդ կետերը քաղաքի համար կենսական նշանակություն ունեն, ու հիմա առանց պատճառաբանման, պարզաբանման, օրենքի խախտմամբ հնգամյա ծրագիրը դրվել է հանրային քննարկման որպեսզի դեկտեմբերին այն ներկայացվի:
«Մեր խմբակցությունը պնդելու է, որ այն չպետք է քննարկի դեկտեմերին, քաղաքապետը պետք է ներկայացնի հաշվետվություն մինչև 2020 թվականի մարտի 1-ը, որից հետո եթե կարողանա հիմնավորել, օրինակ, «Հայրենիքի» խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել, նոր այդ դեպքում հնարավոր կլինի այդ փոփոխություններն իրականացել»,- ասաց Դ. Խաժակյանը:
Նա կարծում եմ, որ որոշել են քննարկվող բյուջեի և հարակից այլ փաստաթղթերի հետ դա ներկայացնել, նայել են, թե ինչը քաղաքային կառավարման տեսանկյունից թեթև կլինի իրականացնել և հետ են կանգնել իրենց իսկ տրված խոստումներից: