ԵՄ պաշտոնյա․ Մենք ոչինչ չենք պարտադրում, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ձերն է այնքան, որքան մերն է
«Ճանապարհային քարտեզը լավ բան է, դրա իրականացումն էլ ավելի լավ»,-այսօր այս մասին ասաց ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացման գործընթացը։
ԵՄ պաշտոնյան նշեց, որ ունենք այն ամենը, ինչ գրանցում ենք թղթի վրա, որը հնարավորություն է տալիս սահմանելու գերակայություններ, քանի որ հնարավոր չէ, բոլոր 200 գործողությունները միանգամից իրականացնել։
«Բնականաբար ոչ մի կառավարություն, նույիսկ ամենաարդյունավետ կառավարությունը չի կարող միաժամանակ իրականացնել 200 գործողություն։ Այն հնարավորություն է ընձեռում գերակայություններ սահմանել և գնահատել առաջընթացը։ Դեկտեմբերի 16-ին մենք հնարավորություն կունենանք գնահատելու իրականացումը։ Կարծում ենք մինչ այդ փաստաթուղթ կստանանք, որ տեսնենք արդյոք համաձայնության ենք եկել գերակայությունների, հաջողությունների, նվաճումների առընչությամբ։ Մեր տրամադրվածությունը բավական դրական է։ Մենք ոչինչ չենք պարտադրում, մենք ընդամենը աջակցում ենք։ Սա ձեր համաձայնագիրն է այնքան, որքան մերն է։Մենք սա չենք անում, որ մենք ենք ուզում մեր կամքը պարտադրենք։ Կարծում ենք, որ սա տնտեսությունը զարգացնելու ամենալավ ճանապարհն է և մենք հենց սա ենք արել տասնամյակներ շարունակ»,-ասաց Լյուկ Դևինը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն էլ հավելեց, որ ճանապարհային քարտեզը ստեղծվել , գրվել է իհարկե ՀԸԳՀ-ի դրույթների հիման վրա, բայց առաջին գործոնը, որ հաշվի է առնվել, ՀՀ համար անհրաժեշտ այն ռեֆորմների իրականացումն է, որը համարում են պարտադիր հետագա ժողովրդավարության, արդարադատության ոլորտներում դրական զարգացումներ ունենալու առումով։
«Այստեղ միանշանակ կարող եմ ասել, որ ճանապարհային քարտեզը առաջին հերթին պետք է մեզ՝ ոչ միայն ՀՀ կառավարությանը, այլ մասնավորապես հանրությանը»,-ասաց ԱԳ փոխնախարարն ու հավելեց, որ հետաքրքրված են, որ ճանապարհային քարտեզի իրականացման առումով լինի բավական արդյունավետ մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան