Իսրայելը երկրից վտարում է Human Rights Watch-ի ներկայացուցչին
Իսրայելը շուտով կդառնա ժողովրդավարական առաջին պետությունը, որն իր տարածքից արտաքսում է Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցչին:
Իսրայելում Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Օմար Շաքիրին երկրի կառավարությունը վտարելու որոշում էր կայացրել մի քանի շաբաթ առաջ ու նա դատական երկար պայքար մղեց այդ որոշման դեմ: Նա հայտարարում էր ու պնդում, որ ինքը չի աջակցել պաղեստինցիների կողմից ղեկավարվող Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ շարժմանը:
Կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հայտարարում է, որ Իսրայելի կառավարությունն այդպես էլ չկարողացավ բերել որևէ փաստ, որը կապացուցեր, որ Օմարը շեղվել է Human Rights Watch-ի դիրքերից:
Human Rights Watch-ը նույնպես չի աջակցում պաղեստինյան Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ շարժմանը, սակայն գտնում է, որ Իսրայելը պիտի հետ քաշվի գրավյալ տարածքներից և արաբ իր քաղաքացիներին տա այն իրավունքները, որոնք տրված են իսրայելցիներին:
Ի դեպ, Իսրայելում 2017 թվականին է ընդունվել օրենք, որի համաձայն Իսրայել այցելելու վիզա չի տրվում այն օտար քաղաքացիներին, որոնք հրապարակայնորեն կոչ են անում բոյկոտել Իսրայելին կամ դատապարտում են գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը: Նշված օրենքը կիրառելով՝ Իսրայելն ամիսներ առաջ մուտքի արտոնագիր չտվեց ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռաշիդա Թլաիբին ու Իլհան Օմարին:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Օմար Շաքիրն ասում է, որ իր հետ կապված խնդրից զատ, Իսրայելում կան ավելի խորը խնդիրներ, երբ «կառավարությունը ճնշում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդկանց զրկում այստեղ այցելելու իրավունքից միայն այն բանի համար, որ նրանք կիրառում են խոսքի իրենց ազատության իրավունքը»: Նրա խոսքերով, այստեղ պաղեստինցիների նկատմամբ ներկայացվում են քրեական մեղադրանքներ հենց նույն պատճառաբանությամբ:
Երուսաղեմից գործող «Մոնիթոր» անվանումը կրող կազմակերպությունը, որն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան միավորում, պաշտպանում է Շաքիրին արտաքսելու որոշումը ու պնդում, որ «եթե ինչ-որ մեկն ուզում է մեղադրել Իսրայելին, պարտադիր չէ, որ դա անի Իսրայելի տարածքում: Թող դա անի Իսրայելից դուրս»,- ասում է կազմակերպության անդամներից Գերալդ Ստայնբերգը:
Հիշեցնենք, որ գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը ու մարդու իրավունքների պաշտպան միջազգային մի շարք կազմակերպություններ: Սակայն Թրամփի վարչակազմն էր, որ անցյալ շաբաթ հայտարարեց, թե «այդ թաղամասերի կառուցումը չի հակասում միջազգային օրենքներին»: