Թիվ 92 մանկապարտեզը շարունակում է կիրառել երեխաներին աթոռներին կապելու մեթոդաբանությունը
Երևանի ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն թիվ 92 մանկապարտեզի մանկավարժները անթույլատրելի մեթոդաբանության կիրառման համար:
«Երևանի ներառական կրթությամբ 92 մանկապարտեզում անհասկանալի մեթոդաբանություն է կիրառվում, հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին կապում են աթոռներից, տեղաշարժվելու հնարավորությունից զրկում, ընդ որում այդ երեխաները հենաշարժողական որևէ խնդիր չունեն: Տեղյակ եմ նաև, որ քաղաքապետարանում քննարկվել է այդ հարցը, կարծես թե շատ լոյալ վերաբերմունք է ցուցաբերվել տվյալ մանկարապարտեզի նկատմամբ: Ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքապետերանն այդ մեթոդաբանության նկատամբ»,- Երևանի ավագանու նիստում հետաքրքրվեց Լ. Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ պետք է հիմնվեն մասնագետների կարծիքների վրա: Նա նշեց, որ քաղաքապետարանում մասնագետների բազում հանդիպումներ են եղել:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ մի մասի կարծիքով, մեթոդաբանությունը կիրառելի է և անհրաժեշտ, որոշները գտնում են, որ կիրառելի չէ, մարդիկ կան, որոնք ասում են ճիշտ մեթոդաբանություն է, ուղղակի այն պարագաները, որոնք օգտագործվում են, ժամանակակից չեն, դրանք տպավորություն են թողնում, որ մեթոդաբանությունը տեղին չէ:
«Հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, երբ մասնագետների կողմից ունենանք վերջնական եզրակացություն, թե որն է ճիշտ ուղղությունը, շարժվելու ենք այդպես»,- ասաց փոխքաղաքապետը:
Տ. Վիրաբյանի խոսքով, բազմակողմանի հանդիպումներ են ունենում այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
«Եզրակացությունն ու կարծիքը պետք է լինի համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում: Բնականաբար, մինչ չկա այդ հարցին վերջնական որոշում, թե ինչ մեթոդաբանությամբ է շարժվելու այդ մանկապարտեզը, օգտվելու է այն մեթոդաբանությունից, որը հիմա կիրառվում է»,- ասաց Տիգրան Վիրաբյանը: