Ջազի հայ վարպետները կներկայացնեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
Նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազի հայ վարպետների մասնակցությամբ կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ մեկ համերգի շրջանակում: Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կկայանա «ArmJazz Project-part 2» երեկոն, որը նախաձեռնել է TM Production-ը:
Ջազ նվագախմբից հայտնում են, որ համերգային երեկոյի ընթացքում հայկական ջազի ինքնատիպ նմուշները նվագախմբի հետ կներկայացնեն կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ջազմեն, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը:
Ինքնատիպ համարով նվագախմբի հետ ելույթ կունենա նաև երջանկահիշատակ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը, ով կկատարի հոր ստեղծագործությունը: