Չաքմաքչյանի «Քայլող մարդու» արձանի տեղադրման հարցը հանվել է ավագանու նիստի օրակարգից
Երևանի ավագանու նիստի այսօրվա օրակարգից հանվեցին մի քանի հարցեր, նաև քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկությամբ: Օրակարգից հանվեց նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդու» արձանի տեղադրման հարցը: Քաղաքապետն ասաց, որ այս հարցի հետ կապված հետաքրքիր գաղափար ունի, ցանկանում է կիսվել ավագանու անդամների հետ:
Նիստի ընթացքում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարցրեց, թե ի վերջո ե՞րբ է կանգնեցվելու այդ քանդակը: Նա հիշեցրեց, որ Արտո Չաքմաքչյանը «Քայլող մարդու» արձանը դեռ 2007 թվականին է նվիրել Հայաստանին, նախորդ իշխանության օրոք էր նախատեսված քանդակի տեղադրումը, սակայն չարվեց:
Հայկ Մարությանն ասաց, որ իր գաղափարը վերաբերում է քանդակի տեղադրման վայրին, միգուցե հենց երևանցիների կարծիքը փորձեն իմանալ, թե որտեղ են ցանկանում տեսնել արձանն ու առաջարկել տարբերակներ:
«Եթե ընդունելի տարբերակ լինի, կարող ենք շարժվել առաջ, եթե ոչ, արդեն մենք կորոշենք ու կբերենք ավագանու նիստ հաստատման»,- ասաց Երևանի քաղաքապետը: