Կգործենք ըստ օրենքի. Սասուն Խաչատրյան
Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրան ՀՔԾ ներկայանալու համար 48 ժամ ժամանակ է տրամադրել։
Հարցին, թե եթե վերջինս չներկայանա, ապա հետախուզում կհայտարարե՞ն, Սասուն Խաչատրյանն ասաց՝ կգործեն ըստ օրենքի:
Դիտարկմանը, թե Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։
Լրագրողները նաև ասացին, որ Կոստանյանը հայտնել է՝ դասերն ավարտելուց հետո կվերադառնա, ՀԾՔ պետը հարցրեց՝ ե՞րբ են ավարտվելու։ Նրա խոսքով, որպես մեղադրյալ՝ անձը ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար: «Այդ համակցությունը որ պահին որ քննիչը բավարար է համարում, այդ պահին որոշում է կայացնում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց նա։
Նա նաև նշեց՝ խնդիր է այն, որ մարդիկ որպես մեղադրյալ ներգրավվում են, երբ արդեն Հայաստանում չեն լինում, սակայն, ըստ նրա, չեն կարող ամեն պահի քաղաքացուն որպես մեղադրյալ ներգրավվել։
«Որպես մեղադրյալ ներգրավելու համար միայն բարի ցանկությունները քիչ են, դրա համար պետք է լինեն ապացույցներ, իսկ դրանք էլ պետք է բավարար լինեն որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Այսինքն՝ պետք է լինի ապացույցների համակցություն»,- նշեց Սասուն Խաչատրյանը։
Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հե՞տ, ՀՔԾ պետն ասաց՝ այո։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան