Արզումանյան փողոցի վթարային շենքերի բնակիչները չեն ուզում դուրս գալ իրենց բնակարաններից
«Ոչ մի հարց դուրս չի մղվել»,- լրագրողների հետ զրուցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու «Լույս» խմբակցության անդամների այն հատարարությանը, թե Երևանի զարգացման հնգամյա ծրագրից դուրս են հանվել տրանսպորտային նոր հանգույցների կառուցման, նաև՝ 4-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված կետերը:
Քաղաքապետն ասաց, որ տրանսպորտային համակարգը պետք է լինի, ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ, նաև վերելակների խնդրի շուրջ, խոսքը գլոբալ լուծման մասին է:
«Թե վերելակների, թե տրանսպորտային համակարգի գլոբալ լուծումը մեկ տարվա հարց չի: Հենց սկզբից նշել ենք, որ տրանսպորտային հարցը կլուծենք 2-4 տարում, աշխատում ենք մաքսիմալ արագ անենք, նույնը վերելակների դեպքում»,- ասաց Հ. Մարությանը:
Նա նշեց, որ վերելակների փոխարինման գործընթացն արդեն սկսված է, այս պահին արդեն փոխվում է 20 վերելակ: Քաղաքապետի տեղեկացմամբ, քննարկում են, որ հաջորդ տարի ավտոբուսների ինչ-որ չափաքանակ արդեն պետք է լինի, որպեսզի սկսեն փոխարինման գործը:
Ինչ վերաբերում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցին, Հայկ Մարությանն ասաց, որ սա համայնքի լիազորություններից դուրս հարց է, բայց համայնքն իր վրա վերցրել է որոշակի պարտավորություններ:
«Մենք շատ կոնկրետ գործողություններ ենք անում: Մեզ այստեղ շատ խանգարող հանգամանքներ կան, մեզ պետք են օրենսդրական փոփոխություններ: Դիմել ենք կառավարությանը, Ազգային ժողովին, որպեսզի փոփոխություն արվի «Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքում»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետն ասաց, որ Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերում խնդիր կա, անգամ փլուզման վտանգ:
«Մենք գտել են կառուցապատող, բանակցել ենք, կառուցապատողը բանակցել է շենքերի բնակիչների հետ, պատրաստ է շենքը վերցնել, քանդել, տեղը նորը կառուցել, բնակիչներին տալ իրենց համապատասխան բնակմակերես: Այդ ընթացքում բնակիչները կապրեն վարձով, գումարը կտա կառուցապատողը: Այսինքն ոչ մի լումա չեն ծախսելու, ուղղակի 1,5-2 տարով տեղափոխվում են այլ բնակարան: Բնակիչների մի մասը դեմ է, մի մասը համաձայնվել է»,- ասաց Մարությանը:
Հարցին՝ ինչո՞ւ են հրաժարվում, քաղաքապետն ասաց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ: Կարող է տարիների ընթացքում կորցրել են վստահությունն իշխանությունների հանդեպ: Բայց մենք ասում ենք, որ լավագույն իրավաբանների միջոցով իրենց համար ամենաուժեղ պայմանագրեր ենք կնքում, այսինքն այդ ամեն ինչից չեն կարող պարտված դուրս գալ: Բայց այսօր գործընթացը կանգնած է: Կառուցապատողի համբերությունն էլ այսօր արդեն սպառվում է, ասում են՝ չենք ուզում այս ամեն ինչին մասնակից դառնալ»: