Ինտերնետ պրովայդերների կողմից բոլոր տվյալների 2 տարի պահպանումը խնդրահարույց է. Գրիգոր Սաղյան
«Ի՞նչ իմաստ ունի օպերատորներին ծանրաբեռնել, որպեսզի նրանք ևս տեղեկությունները պահպանեն։ Այսօր օպերատորների մոտ կա համապատասխան սարք, որը գնում է դեպի ԱԱԾ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած առաջարկին, ըստ որի՝ ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պահպանել բոլոր տվյալները երկու տարի:
Սաղյանի կարծիքով, որոշման նախագիծը խնդրահարույց է և հակասում է ՀՀ մի շարք օրենքներին և սահմանադրական դրույթներին։
«Երկու խնդիր կա. առաջինը՝ ինչպե՞ս է օպերատորը պահպանում այդ տվյալները, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որ տվյալներն ուրիշների համար անհասանելի լինեն, և երկրորդը՝ ովքե՞ր ունեն հասանելիություն այդ տվյալներին: Մեր ունեցած երեք խոշոր օպերատորները կարող են տվյալները պատշաճ կերպով պահպանել, սակայն ունենք նաև մանր օպերատորներ, որոնք հեշտությամբ կարող են ենթարկվել հաքերային հարձակումների»:
Այս պահին Ինտերնետ կառավարման խորհրդում նախատեսվում է քննարկում ՀԾԿՀ առաջարկի թեմայով: Սաղայանը նշում է՝ երբ առաջարկն հավանություն ստանա և սկսի գործել, այն կտարածվի նաև անորոշ քանակի անձանց վրա՝ առաջացնելով խնդիրներ: Ուստի, բանախոսի կարծիքով, կարգավորումը պիտի մտնի ԱԺ՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, և այնտեղ քննարկվի. «Նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունում օրենքներ, նրա որոշումը պարտադիր է այն օպերատորների համար, որոնց նա լիցենզիա է տրամադրել: Բայց տվյալ դեպքում այս որոշումը մեր բոլորի վրա է ազդում, իսկ եթե մեր բոլորի վրա է ազդում, պետք է դա օրենքով կարգավորվի, եթե օրենք է, ուրեմն Ազգային ժողովով պետք է անցնի, ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում 5 հոգով որոշեն ու ասեն` կանեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան