ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունը տարածել է հայտարարություն, որտեղ մի քանի պահանջներ է ներկայացրել գործող իշխանություններին։
«Վերահաստատելով հանուն առաջադեմ և ազգային արժեհամակարգի վրա հիմնված հասարակություն ունենալու պայքարում մեր վճռականությունը՝ ստորև ներկայացնում ենք մեր պահանջները.
1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։
2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպարտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։
Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալը մեծացումն` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:
3․ Ապահովելով Հայոց լեզու և Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։
Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձևավորել քննական մտածողություն և սեփական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։
4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դրաձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։
5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։
Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:
Նախագծում պետք է որոշակի լինի նաև Գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:
6. Այս փոփոխությունների կարևորությունը անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:
Մեր գործողությունները շարունակելու են բխել վերը նշված պահանջների կյանքի կոչման հրամայականի տրամաբանությունից»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ Բյուրո. Կոչ ենք ուղղում իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված վախի և հալածանքի մթնոլորտը
- Տարոն Տոնոյան. Եթե Արայիկ Հարությունյանը դաստիարակված է, թող ներողություն խնդրի
- Արծվիկ Մինասյան. Հրապարակային հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության