Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետին. Հերիք ա էլի, հերիք ա
Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հորդորեց քաղաքապետ Հայկ Մարությանին դադարեցնել մանիպուլյատիվ գործելաոճը:
«Երբ ես անհայտ ծագման անձին, ով առաջին անգամ էր նիստերի դահլիճում և որևէ մեկս նրա անունը չգիտենիք, խոսքը գնում է Աղբահանության հիմնարկը ղեկավարող դեռևս ժ/պ անձի մասին, ես նրա անուն-ազգանունը չիմանալով, ուղղակի ասացի ժ/պ, ինչը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, դուք մանիպուլյատիվ ոճով սկսեցիք ինձ մեղադրել, որ ես մարդուն վիրավորում եմ», - ասաց Թեհմինա Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ հանրությունը պետք է տեղեկանա՝ Հայկ Մարությանն այստեղ իրենց ասածները փորձում է մանիպուլյացիա անել ու այլ կոնտեքստով ներկայացնել։
«Պարոն քաղաքապետ, խնդրում եմ, դադարեցրեք այս մանիպուլյացիայի մշակույթը, մի սադրեք մեզ ու ժողովրդի աչքին լավ երևալու համար մի ասեք ՝ օյ, ընդդիմությունը մեկին ասեց ժ/պ, մեկին փորձում է վիրավորել։ Հերիք ա էլի, հերիք ա», - ասաց Թ. Վարդանյանը։
Հայկ Մարությանն արձագանեց. «Կարծում եմ՝ հանրությունը լավ հասկանում է, ով ինչ է անում, իր գնահատականը տալիս է»:
Թեհմինա Վարդանյանն արեց այդ հայտարարությունը, երբ քննարկվում էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանին Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարց: Այս հարցը զեկուցելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են որոշել, որ պետք է Գալջյանը լինի տեղակալը, կարծում է, որ մեծամասնություն հանդիսացող խմբացությունն ունի իրավաբաններ, որոնք ավելի ներկայանալի են, ներկայացուցչական են, կոմունիկացիոն առումով ավելի հասանելի:
Զեկուցող Հասմիկ Խաչունցն ասաց, որ չնայած Գալջյանը երիտասարդ է, նա շատ մեծ գործ է անում իրենց խմբակցությունում, արդարացի է նրան հանձնաժողովի տեղակալ նշանակելը:
«Բավականին լավ թեկնածու է, նման հարցադրում, դիտարկումներ անելը անհնիմն են: Ի՞նչ է նշանակում ավելի ներկայանալի, կոմունիկացիոն ու հասանելի»,- ասաց Խաչունցը:
Հ. Առաքելյանն արձագանքեց. «Չգիտեմ, որտեղ եք տեսել ոչ կոռեկտ իմ արտահայտությունը»: