Արմեն Մուրադյան. 100-ամյա պատմություն ունեցող բուհը փորձում է լինել կրթական գործընթացների կիզակետում
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Վլադիմիր Չեխոնինին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային և Եվրոպական նեյրովիրաբուժական ասոցացիայի նախագահ, շվեյցարացի հայտնի նեյրովիրաբույժ Քարլ Լոթար Շելերին:
Համալսարանից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է բժշկական կրթության ծրագրերին, գործընկերներին ծանոթացրել է առողջապահական համակարգին վերաբերող հարցերին:
«ԵՊԲՀ կատարած այցով ևս մեկ անգամ մեզ խրախուսում եք ներգրավվել միջազգայնացման գործընթացին և ձգտել դեպի միջազգային հարթակներ»,- ընդգծեց ռեկտորը:
Կարևորելով համագործակցության հնարավորությունները արտասահմանցի գործընկերների հետ՝ Արմեն Մուրադյանն ասել է, որ բուհի կրթական ծրագրերն ուղղված են բժշկական կրթության բարելավմանը, որպեսզի ԵՊԲՀ ուսանողները կարողանան սովորելով նաև այլ երկներում և ձեռք բերած փորձով հնարավորություն ունենան աշխատել աշխարհի ցանկացած երկրում, սակայն ընտրեն հայրենիքը:
«Մենք ցանկանում ենք լինել բաց համալսարան՝ ներգրավվելով այցելու պրոֆեսորների աշխարհի տարբեր երկրներից, ինչը հնարավորություն կտա նրանց հետ համագործակցության շրջանակում իրականացնել փոխանակման ծրագրեր մեր ուսանողների համար»,-կարևորել է ռեկտորը՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը փորձում է լինել կրթական գործընթացների կիզակետում և շարունակում է կարևորել կոմունիկացիոն զարգացումը և այցելու պրոֆեսորների ներդրած ջանքերը՝ Հայաստանում բժշկական կրթության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Չեխոնինը և Քարլ Լոթար Շելերը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հետ քննարկել են Հայաստանում նեյրովիրաբուժության զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել են Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնին վերաբերող հարցերին:
Ըստ աղբյուրի, անդրադարձ է կատարվեց նաև առողջապահական համակարգի խնդիրներին: Նշվել է, որ չնայած Հայաստանում կատարվում են տարբեր բարդ վիրահատություններ, սակայն խնդիր կա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
«Այս խնդիրներն ավելի հաճախ վերաբերում են առողջապահական համակարգին, քան բժշկական կրթությանը»,-ասված է ԵՊԲՀ տարածած հաղորդագրության մեջ։