Էլբակյան. Կարևորը ժամանակաշրջանը չի, այլ այն, թե ինչպես կարող է մարդն ազատագրվել շուրջը տիրող քաոսից
«Յուրաքանչյուր ներկայացում թատրոնի հարստությունն է, յուրաքանչյուր առաջնախաղ տոն է թատրոնի համար, որը գալիս է գրելու թատրոնի պատմության նոր էջը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հայտնելով, որ նոյեմբերի 29-ին թատրոնում կայանալու է առաջնախաղ՝ ըստ Քեն Քիզիի համանուն վեպի՝ «Թռիչք կկվի բնի վրայով»։ Այն բեմականացրել ու բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
«Որպես թատրոնի տնօրեն, վստահաբար, հանգիստ և համարձակ հայտարարում եմ, որ ստացվել է փայլուն, մայրաքաղաքային ներկայացում, խմբակային առումով օրինակելի ներկայացում։ Հպարտ և ուրախ եմ նման որակի ներկայացում ունենալ մեր բեմում»,- ասաց նա։
Արմեն Էլբակյանը բացատրեց, թե ինչու է բեմադրել այդ գործը հատկապես հրաշալի ֆիլմից հետո. «Ես շատ հավանում եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է։ Ֆիլմն իր ժամանակի մեջ շատ մեծ գործ արեց, բայց ամենամեծ գործն արել է Քեն Քիզին՝ գրելով այս հրաշալի ստեղծագործությունը, որն, ըստ իս, 20-րդ դարի լավագույն գրական ստեղծագործություններից է։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ինչու թատրոնները չպետք է անդրադառնան դրան և ինչու պետք է այսօր մենք նորից ու նորից չփորձենք հասկանալ, թե ինչ բան է տոտալիտար ռեժիմը, թե ինչ բան է մարդ արարածին հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի նա փախուստ գործի իրականությունից: Այս վեպը շատ լավ առիթ էր այդ հարցերը բարձրացնելու համար»:
ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով, գրական ստեղծագործությունները յուրաքանչյուր արվեստագետ, մարդ, որը հարթակ կամ էկրան է բարձրացնում, մեկնաբանում է յուրովի, իր ժամանակին համապատասխան։
«Այս ստեղծագործությունը խիստ ժամանակակից հնչեղություն ունի, շատ աղերսներ ունի մեր ժամանակի հետ: Իհարկե, որոշ հարցեր ունենք կապված այն բանի հետ, թե ինչպես ենք պատկերացնում ժամանակը: Մենք փորձել ենք խախտել ժամանակը, քանի որ այս ամեն ինչը, ինչ կատարվում է այս գործի մեջ, ժամանակ չունի, ժամանակից դուրս է: Ինքը և ժամանակ ունի, և չունի: Ժամանակաշրջանը չի կարևոր, այլ այն, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է փորձի մարդ արարածն ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից»,- ընդգծեց Ա. Էլբակյանը:
Հարցին, թե արդյո՞ք շատ եք հեռացել սցենարից, բեմադրիչը պատասխանեց, որ ֆիլմի սցենարն է շատ հեռացել վեպից, իրենք փորձել են հարազատ մնալ վեպին. «Եթե ֆիլմում այս պատմությունը պատմվում է ռեժիսորի աչքերով, այս պարագայում պատմվում է հնդկացու աչքերով, ինչպես և գրել է Քեն Քիզին: Մենք օգտվել ենք բնօրինակից, փորձել ենք նայել Քիզիի դիրքից՝ նրա գրած վեպի ֆաբուլայի ընթացքը պահպանելով»:
Ներկայացման գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն (Մաք Մըրֆի) ասաց, որ կերպարը ստեղծելիս չի փորձել համեմատություն անցկացնել ֆիլմի գլխավոր դերակատար Ջեք Նիկոլսոնի հետ:
«Համեմատություններ չեմ արել, նույնիսկ ամեն կերպ փորձում էի ֆիլմը նորից չնայել, որովհետև վաղուց եմ նայել: Հանդես եմ գալիս իմ հնարավորությունների սահմաններում և ըստ ռեժիսորի պահանջների»,- ասաց դերասանը:
Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարի Քյոսայանը: Նա ասաց, որ Արմեն Էլբակյանի ձեռագիրը համապատասխանում է իր մտածելակերպի հետ:
«Կերպարների ստեղծման, ամեն ինչի մեջ շատ կարևոր հոգեբանական նուրբ պահեր կան, որ երաժշտությունն արդեն բխում է սցենարից, մտածելակերպից: Իր իդեաները շատ երաժշտական են: Ինձ համար շատ հեշտ է երաժշտություն գրել ու աշխատել Արմեն Էլբակյանի հետ: Ստեղծագործության մեջ կա գլխավոր թեմա, երկու լրացուցիչ թեմա, դասականի և ջազի խառնուրդն է»,- նշեց Գ. Քյոսայանը:
Արմեն Էլբակյանը շարունակեց, որ երաժշտությունը դրամատուրգիական կառուցվածք ունի:
Հարցին, թե հիմա քաղաքական մթնոլորտը լարված է երկրում, ընդհանրապես երկրագնդում, որոշակի տեղայնացում կա՞ կերպարների մեջ այսօրվա մի հերոսի հետ, իրադրություն մեջ կզգացվի՞ Հայաստանը, Ա. Էլբակյանն ասաց. «Գործը չունի այդպիսի նպատակ, բայց ով ինչ ուզում է, կարող է պատկերացնել: Գաղտնիքներ կան, չեմ ուզում բացել: Բայց ասեմ՝ մեր հերոսի՝ Մաք Մըրֆի, ամբողջական անունն է Ռենդլ Պատրիկ Մաք Մըրֆի, որը հապավում է, նշանակում է՝ հեղափոխություն մեկ րոպեում: Մնացածն ինչ ուզում եք հասկացեք»:
Վարդան Մկրտչյանը հումորով արձագանքեց. «Խնդրում եմ չքաղաքականացնել, սա մշակութային օջախ է»:
Ներկայացման մեջ հանդես է գալիս 22 դերասան, կան մասսայական տեսարաններ, պլաստիկ լուծումներ: Ա. Էլբակյանն ասաց, որ աշխատանքը բավականին ծանր էր, ֆինանսական առումով՝ իրենց ուժերով են արել:
Ներկայացումն այս տարի թատրոնի բեմում կլինի նաև նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 6-ին և 13-ին, այնուհետև՝ արդեն հունվարի վերջին: