Նոր հարկատեսակ. առաջարկվում է վճարել 4-6% առողջության հարկ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) հայեցակարգ: Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն:
Այս հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Այսպիսով, նախագիծն առաջարկում է ներդնել 2022 թվականից:
Ըստ նախագծի՝ ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի: Ֆինանսական միջոցների պակասը խոչընդոտում է համակարգի զարգացմանը և բուժօգնության որակի բարելավմանը, նպաստում է բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը:
Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում:
Նշվում է նաև, որ համակարգի արդյունավետության բարձրացման քայլերը չեն համապատասխանում պետության կողմից հատկացվող ֆինանսավորմանը, իսկ բնակչության կողմից կատարվող ծախսերը մեծամասամբ անկառավարելի և անկանխատեսելի են, քանզի կատարվում են միայն առողջական խնդիրների առաջացման դեպքում: Նույնիսկ տնտեսական ճգնաժամերի պայմաններում առողջապահական ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլ ընդհակառակը, շարունակել են կայուն տեմպերով աճել, մինչդեռ պետական ծախսերը դրան համաչափ չեն աճել, այլ նվազել են, հասարակության զգալի հատվածի թողնելով դեմ առ դեմ առողջապահական աղետալի ծախսերի հետ:
«Սահմանափակ ռեսուրսների պայմաններում, որպես առաջնահերթություն առողջապահական ծախսերի ամբողջ ծավալով ապահովումը դարձել է հրամայական։ Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի ապահովման նոր աղբյուր՝ առողջության ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս տեսանկյունից, Հայաստանում ԱՀԱ ներդրման հիմնական նպատակներն են՝
ապահովել բնակչության հիմնական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը,
բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերի կրճատումը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակի կրճատումը,
առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետության և նպատակայնության մակարդակի բարձրացումը,
բուժօգնության որակի բարելավումը։
ԱՀԱ ներդրման նպատակներին հասնելու համար պետք է իրականացվեն հետևյալ միջոցառումները․
Կիրառել առողջության հարկ՝ կանխավճարների միջոցով հավաքագրելով առողջապահական ծախսերն ապահովող լրացուցիչ միջոցներ, ինչը կնպաստի քաղաքացիների գրպանից դուրս կատարվող ուղղակի ծախսերի կրճատմանը, կբարձրացնի քաղաքացիների կողմից կատարվող ծախսերի կանխատեսելիության, թափանցիկության և հասցեականության մակարդակի բարձրացմանը, կփոխի առողջապահական ծախսերի կառուցվածքը՝ նվազեցնելով գրպանից դուրս ծախսերի տեսակարար կշիռը առողջապահական ընդհանուր ծախսերում։
Այսպիսով, նախագծով նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության հարկ:
Առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով:
2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին