Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են. Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Աժ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով և հաստատակամ է՝ այս ամենը հասցնել տրամաբանական ավարտին՝ չշեղվելով այս ճանապարհից: Նա հավելել է, որ սա հավասարապես վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, դատաիրավական բարեփոխումներին, ազատ մրցակցային շուկայի ստեղծմանը, անհրաժեշտ ներդրումային միջավայրի ստեղծմանը և մնացած բոլոր ուղղություններին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ այս հարցում Հայաստանը ստանում է միջազգային բազմաթիվ գործընկերների համակրանքն ու աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, ինչը մեծապես կարևորում է:
Նա առանձնացրել է նաև «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը, որտեղ Շվեդիայի Թագավորության հետ միասին Հայաստանն ունի Միացյալ Թագավորության էական աջակցությունը և մասնակցությունը: Արարատ Միրզոյանը ՀՀ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ողջ կոնտեքստում առանձնացրել է նաև միջխորհրդարանական հարաբերությունները, նաև կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները կընթանան այս համաձայնագրի հունով՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունները: ԱԺ նախագահը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Մեծ Բրիտանիայի հավասարակշռված դիրքորոշումը, ևս մեկ անգամ հավաստել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին և միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:
Դեյվիդ Մորանն իր հերթին կարևորել է խորհրդարանական համագործակցությունը և բարեկամական խմբերի միջև սերտ աշխատանքը: Նա վստահեցրել է, որ ակտիվ կաշխատի նոր ծրագրերի ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք լավ արդյունք կտան: Նորանշանակ դիվանագետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Հայաստանին՝ դեմոկրատական բարեփոխումների բոլոր ուղղություններով: