Թուրքական զինուժը սահմանին կորուստներ է կրել
Թուրքիայի տարբեր շրջաններում և Իրաքի հյուսիսում նոյեմբերի 27-ին 5 զինվոր է մահացել, գրում է ermenihaber-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալեի սահմանային անցակետում ծառայությունն իրականացնելիս 2 զինվոր է սպանվել: Նշվում է, որ վերջիններս սպանվել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գրոհայինների բացած կրակից:
Մեկ այլ զինվորը Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ` մահացել է Իրաքի հյուսիսում «Մագիլ» ռազմական գործողության ընթացքում: Վերջինս իրականացվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ:
Երկու զինվոր էլ մահացել է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի շրջանում` կայծակի հարվածից: