Լիլիթ Թումանյան. Չկան քաղաքական հակակշիռների և զսպման մեխանիզմներ
«Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ գտնվելով սահմանագծին՝ իր վրա կրակ է հրավիրում, այսինքն այդտեղ դարձնում է պոտենցիալ վտանգավոր կրակակետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվատ» ՀԿ նախաձեռնության անդամ, «Արմնյուզ» FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը:
Նա նշեց, որ նման այցելություններից հետո հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե իսկապես զինվորներին ոգեշնչելու այցելություններ են, այլ PR կոմպոնենտ ունեն, քանի որ իրական հոգատարությունը մարդիկ ի ցույց չեն դնում: Լ. Թումանյանի կարծիքով, կազմակերպելով ՀՀ վարչապետի տիկնոջ այցելությունը դիրքեր, հնարավոր ռիսկերը թերագնահատված էին:
Խոսելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա ֆեյսբուքյան գրառման մասին, նա նշեց. «Իշխանությունների ռեպրեսիաները նոր չեն մեկնարկել, դրանք շատ վաղուց են, ուղղակի գնալով ծավալը և չափը ավելի են ահագնանում, օրենսդրական բազան, որ դրված է այդ հետաքննությունների տակ, ավելի ու ավելի է թուլանում: Վաղը, մյուս օրը տեսնելու ենք առանց որևէ պատճառաբանության և հիմքի:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման դեպքը մեզ համար միանշանակ հենց այդ շարքից էր, երբ մարդուն բացարձակապես քաղաքական հետապնդումով տարան ու փակեցին մեկ ամիս: Իսկ ինչն է խանգարում նրանց` որևէ նմանատիպ մի բան սարքել հետագայում, ուղղակի ավելի մեծ ծավալներով` ոչ թե մեկ կամ երկու հոգու, այլ` մի քանի տասնյակ հոգու հանդեպ»:
Նրա խոսքով, խնդիրն այն է, որ չկան քաղաքական հակակշիռների և զսպման մեխանիզմներ:
«Իշխանությունը բացարձակապես յուրացրել է գործադիրը, օրենսդիրը, դատականը և քաղհասարակությունը, գոյություն չունի որևէ հակակշիռ, որը կարող է դրդել պահպանել այն օրենսդրական համակարգը, որը պետք է պահպանվի»,-ասաց Լ.Թումանյանը:
Ասուլիսին ներկա «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն նշեց, որ գործող իշխանությունն իր բոլոր լծակները պետք է օգտատործի, որպեսզի կարողանա պահպանել իր «լեգիտիմ» իշխանությունը:
«Այսօր այն լեգիտիմությունը, որն ունեին իրենք անցյալ տարի և ստացան խորհրդարանական արտահերթ ընտրություններին, այսօր չունեն: Հետևաբար, իրենք պետք է և ուժային, և տեղեկատվական, տարբեր այլ մեթոդներով փորձել լռեցնել մարդկանց»,- ասաց նա: