Ճապոնացիներն անհանգստացած են ջրի որակից
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեն պարբերաբար ջրի որակի ստուգումներ կանցկացնի Օդայբայի ծովային պարկում, որտեղ կանցկացվեն լողի և տրիատլոնի մրցումներ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Փորձամրցումների ժամանակ ծովածոցում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ, ինչն անհանգստության պատճառ է դարձել լողորդների ու միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների շրջանում, իսկ տրիատլոնի մրցումների մի մասը չեղյալ է հայտարարվել:
Մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը Տոկիո-2020-ի կազմկոմիտեն ու Ճապոնիայի մայրաքաղաքի ադմինիստրացիան պետք է պարզեն, թե ինչու է ջրի որակը կտրուկ անկում ապրել:
Չի բացառվում, որ որոշ մրցումների մեկնարկը կարող է փոխվել և անցկացվել վաղ առավոտյան: Այդ հարցով Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում կկայացնի դեկտեմբերի 3-5-ը կայանալիք Գործադիր կոմիտեի խորհրդի ժամանակ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: