Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Սեմերիկովը նշել է, որ կազմակերպության նախագահությունը անցնում է Բելառուսին ՝ ՀԱՊԿ հաստատված կանոնների համաձայն՝ անդամ երկրների այբբենական կարգով:
Նշենք, որ այսօր Բիշքեկում տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։