42-ամյա տղամարդը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինս ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈ բաժանմունքի երկու տեսուչ, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի վարորդը բեռի օրինականությունը ստուգելու նպատակով իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության Գորիսի բաժին ներկայանալու օրինական պահանջը չի կատարել և դիմել է փախուստի:
Այնուհետև տեսուչի կանչով օգնության եկած նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները և ճանապարհային ոստիկանության ծառայողները, փարոսիկներ և ազդանշաներ տալով, փորձել են կանգնեցնել «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, սակայն նշված մեքենայի վարորդը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների՝ վտանգավոր երթևեկությունը դադարեցնելու օրինական պահանջներին, ավտոմեքենան վարելով Սիսիան քաղաքի ուղղությամբ՝ ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի հետնամասին՝ այն դուրս հանելով ճանապարհի երթևեկելի մասից, իսկ բեռնատար ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցվել է Սիսիան քաղաքից ընդառաջ եկած ՃՈ աշխատակիցների օժանդակությամբ:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:
Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան