Փաշինյան. ՀԱՊԿ երկրները պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները
Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Բիշքեկում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
«Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար:
Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:
«Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության փոխանցմամբ, վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին և կարևորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը:
«Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից։
Հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:
Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է»,- նշել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան