Պզպզպզ!!!! ուշադրություն, գազ է
Հայաստանում ջեռուցման շրջանում արդեն երրորդ ընտանիքն է, որ թունավորվում է շմոլ գազից ու դեպքը հանրային հնչեղություն է ստանում։ Իրականում որքան են դրանք՝ չգիտենք։ Առաջին դեպքը, ցավոք, մահացու էր չորս երեխաների ու տատիկի համար։ Այնուհետև՝ յոթ հոգանոց, ինը հոգանոց ընտանիքներ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց։ Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն:
Պատասխանում գրել են. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մշտապես իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները անվտանգ և հուսալի գազամատակարարում ապահովելու համար:
Մասնավորապես, բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման նպատակով Ընկերությունը հրապարակում է հուշաթերթեր ( «ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերում գազասարքերի անվտանգ շահագործման հուշաթերթ») և տրամադրում բոլոր բաժանորդներին՝ գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ: Հուշաթերթում մանրամասն ներկայացված են անվտանգության կանոնները և պահանջները:
Զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ բաժանորդներին իրազեկում է բնական գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ պարբերական ընտրանքային ստուգայցեր է կազմակերպում և իրականացնում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական շահագործման մոնիթորինգ:
Անվտանգության պահանջները շարադրված են նաև «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (բնակիչ))» պայմանագրում (սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15.10.2014թ. №383Ն որոշմամբ): Բոլոր բաժանորդների մոտ առկա պայմանագրերում նշված է, որ բաժանորդը պարտավոր է.
- գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.
- չկատարել ինքնակամ միացումներ գազամատակարարման և ներտնային գազասպառման համակարգերին.
- գազասպառման համակարգում վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, ինչպես նաև գազի արտահոսք հայտնաբերելու դեպքերում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել գազասպառման համակարգի և գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները, օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.
- ապահովել այրվող գազերի ազդանշանային սարքի ամբողջականությունը, չանջատել այն էլեկտրասնուցումից, վնասվածքի դեպքում անհապաղ տեղեկացնել Մատակարարին:
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում («Տեղեկություն բաժանորդների համար/Անվտանգություն» ենթաբաժին՝ http://armenia-am.gazprom.com/notice/security/) մանրամասն ներկայացված են գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Կայքում նաև հրապարակված են տեսահոլովակ և տեղեկատվություն բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված անվտանգության ազդանշանային համակարգերի (անվտանգության համակարգեր) մասին: Վերը նշված տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է նաև Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում»:
Նամակը գրելիս մենք ենթադրում էինք, որ ընկերությունից կպատասխանեն, թե՝ պաշտոնական կայքէջում զգուշացում կա, որ միացրած պահեն էլեկտրոնային զգուշացնող սարքը։ Սակայն եթե դեպքերը շարունակվում են անկախ ձեր գրավոր զգուշացումից, դա նշանակում է, որ այն բավարար չէ։ Ուրեմն սոցիալական գովազդի ձեր բաժինը ճիշտ չի աշխատում։
Ավելին՝ անվտանգության ազդանշանային սարքի մասին։ Մեր աշխատողի սարքը աղմկում է աշխատանքի ընթացքում, ինչի մասին տեղեկացրել է տեղամասային տեսուչներին։ Երկու շաբաթ է, ոչ մեկը չի այցելել տուն՝ այն փոխելու։
Հարցրել էինք նաև՝
Ինչպիսի՞ երաշխիք, որ պզպզացող սարքը աշխատող սարք է։
Ինչպե՞ս եք ստուգում ձեր զգուշացնող սարքերի աշխատունակությունը։
Ինչո՞ւ փչացած սարքը փոխելիս դրանք չեք փոխարինում լրիվ նորերով։
Պատասխանում գրել են. «Ինչ վերաբերում է անվտանգության համակարգերի աշխատունակությանը, ստուգման եղանակներին և անսարք համակարգերի փոխանակման գործընթացին, ապա տեղեկացնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգերում տեղակայված անվտանգության ազդանշանային սարքի զգայնության շեմի ստուգումը դյուրակիր սարքի միջոցով (էտալոնային գազերի կիրառմամբ՝ CO և CH4) կատարվում է այն ժամանակ, երբ անվտանգության ազդանշանային սարքի աշխատունակությունը թեստավորման միջոցով ստուգելուց հետո թերություններ չեն հայտնաբերվում, սակայն բաժանորդը անհամաձայնություն է հայտնում և պնդում է, որ սարքը չի աշխատում (նմանատիպ անհամաձայնություններ երբևէ չեն գրանցվել): Անսարք ազդանշանային սարքերը վերանորոգման ժամանակ, լաբորատոր պայմաններում, ենթարկվում են զգայնության շեմի ստուգման էտալոնային գազերի կիրառմամբ՝ CO և CH4:
Միաժամանակ ազդանշանային սարքի և կափույրի աշխատունակության ստուգումը իրականացվում է սպասարկող փականագործի կողմից հետևյալ եղանակով՝
- գործարկվում է գազօջախի սալիկներից մեկը և սեղմվում է ազդանշանային սարքի վրա առկա TEST կոճակը, որից հետո ազդանշանային սարքի վրա վառվում են կարմիր, կանաչ և նարնջագույն լուսադիոդները, լսվում է տագնապի ազդանշան և գործարկվում է կափույրը՝ փակելով գազի մուտքը բնակարան, անջատելով գազօջախի՝ նախապես միացված այրիչին մատակարարվող գազի հոսքը:
Ազդանշանային սարքերը, որոնք ունեն անսարքություն կամ թերություն, անմիջապես փոխարինվում են փոխանակման ֆոնդից հատկացվող սարքերով, որոնք ունեն շահագործման երաշխիքային հավաստագրում լաբորատոր փորձաքննություն անցնելու արդյունքում»:
Հարակից հրապարակումներ`
- Շմոլ գազից Երևանում և Գավառում 12 մարդ է թունավորվել
- Շմոլ գազից թունավորումով Առինջ գյուղի 4 բնակիչ դիմել են բուժօգնության
- Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել են շմոլ գազից
- Դիլիջանում շմոլ գազից չորս մարդ է թունավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան