Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը ծննդատան նոր մասնաշենք կունենա
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին որոշման նախագիծը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ։
Նախագծով նախատեսվում է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով ՀՀ սեփականության իրավունքով պատկանող Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն, որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջև 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումն կիրականացվի Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:
Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։
Նշվեց նաև, որ շինաշխատանքները կսկսվեն 2020 թվականին:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ այս ծննդատան կառուցումով Գյումրիի մյուս ծննդատները փակվում են, ուստի մահճակալների քանակը պետք է բավարար լինի:
Փոխնախարարն էլ նշեց, որ ոչ թե ծննդատուն է փակվելու, այլ բարելավվում են այն շենքային պայմանները, որն ունի Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան