Այսօր նշվող Գոհաբանության օրվա արարողության քաղաքական աստառը
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱՄՆ-ում նշվում է Գոհաբանության օրը՝ Thanksgiving-ը։
Սպիտակ տանը տեղի է ունեցել Գոհաբանության տոնին նվիրված հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը, որի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Բաթեր և Բրեդ անունները կրող հնդկահավերին:
Միջոցառման ընթացքում նախագահ Թրամփը հնչեցրել է մի շարք կատակներ՝ կապված ներքաղաքական զարգացումների հետ: Նրա ակնարկները ուղղված էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթացող իրեն իմպիչմենտի ենթարկելու գործընթացին, դեմոկրատական կուսակցությանն ու հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին:
2017 թվականին նույն միջոցառման ընթացքում նախագահը ևս կատակել էր, որ չի պատրաստվում չեղարկել նախագահ Օբամայի որոշումը հնդկահավերին ներում շնորհելու մասին: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
«Սպիտակ տան խորհրդականներն ինձ տեղեկացրեցին, որ Թաթեր և Թոթ անունները կրող հնդկահավերին ներում շնորհելու որոշումը չի կարող չեղարկվել ոչ մի դեպքում»,- ասել է Թրամփը:
Նա առաջին նախագահը չէ, ով այս միջոցառմանն արել է հումորային ակնարկներ: Ըստ պատմաբան Մեթյու Քոստելայի, այս միջոցառումը լավ հնարավորություն է հանրության շրջանում դրական տպավորություն թողնելու համար:
«Նախագահ Թրամփը լավ հասկանում է մամուլի ոլորտի առանձնահատկությունները և ինչպես է այն լուսաբանում իրեն: Կարծում եմ նա դիտարկում է դա նախևառաջ որպես լավ հնարավորություն»,- նշում է Քոստելոն:
Հնդկահավերին ներում շնորհելու արարողությունը ավանդույթի է վերածվել նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք 1989 թվականին, սակայն ավելի վաղ ևս այս արարողությունը հայտնի էր: Նախագահներ Լինքոլնը, Քենեդին, Ռեյգանը ևս ներում են շնորհել հնդկահավերին:
Ներում շնորհելու միջոցառումից հետո նախագահ Թրամփն ու Առաջին տիկինը մեկնել են Ֆլորիդա՝ տոնական օրերն այնտեղ անցկացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան