2 օրից դիմում կներկայացնենք կառավարություն. «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ
«Մենք հանդիպեցինք վարչապետի 2 օգնականների հետ, պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ «Զինվոր համակարգող խորհրդի» բլանկով կներկայացնենք մեր հարցադրումները և թե ինչ ենք պահանջում։ Վաչապետի որոշմամբ մեզ էլի ընդունելու են և իմի են բերելու գրավոր պահանջը։ Մենք էլ պայմանավորվեցինք, որ վաղը չէ մյուս օրը դիմումը կներկայացնենք»,- այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ, «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց նրանք բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ կառավարության որոշման, ըստ որի «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ է փոխհատուցվել։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ ակնկալում են դիմումի դրական պատասխան ստանալ կառավարությունից։
«Աշխատակազմի ղեկավարի պատասխանը մեզ չէր բավարարել, հիմա մեզ ասեցին, որ պահանջը գրենք, իրենք կանդրադառնան հարցին։ Մեր պահանջը նույնն է, որ զոհվածների ընտանիքները ուշադրության կենտրոնում լինեն, անտեսված չլինեն։ Եվս մեկ անգամ մենք մեր պահանջից հետ չենք կանգնում»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։