Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել
Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել, փոխանցում է ermenihaber-ը:
Կարմիր ներկով գրել են` «հեռացիր ալևի», որը, սակայն, ալևիները սև ներկով ծածկել են` վերածելով վարդի պատկերի: Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:
Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզն այս ռասիստական գրության վերաբերյալ պնդել է, որ այն կրոնական հողի վրա չի կատարվել:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ևս անդրադարձել է այդ միջադեպին՝ Twitter-ում գրառում անելով.
«Մեր ալևի քաղաքացիների դեմ ուղղված այս տգեղ արտահայտությունների փաստով իրավապահ մարմինները հանգամանալից քննություն են իրականացնում: Ամեն ինչ բացահայտվելու է»: