Հայ երեխաների կոչը՝ որոշում ընդունողներին
Հայաստանը տարեցտարի ավելի մեծ շուքով է տոնում Երեխաների համաշխարհային օրը։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից հայտնում են, այս տարին աննախադեպ էր մարզային ներգրավվածության ու երեխաների և որոշում կայացնողների մասնակցության առումով։
Նոյեմբերի 18-20-ը ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել երեխաների առաջին գագաթնաժողովը, որի ավարտին ՀՀ բոլոր մարզերից մասնակից ավելի քան 170 երեխա համատեղ մշակեցին Երեխաների համաշխարհային օրվա հռչակագիրը: Երեխաները առձեռն հանձնել են այն կառավարության ներկայացուցիչ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Զարուհի Բաթոյանին։ Հռչակագիրը, որով երեխաները կոչ են անում Հայաստանում որոշում կայացնողներին հաշվի առնել իրենց կարծիքն ու քայլեր ձեռնարկել իրենց համար առաջնային համարվող խնդիրները լուծելու ուղղությամբ, կարող եք կարդալ այստեղ:
«Գագաթնաժողովին ավարտին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձն առավ երեխաների հռչակագիրը տրամադրել ՀՀ վարչապետին,ՀՀ նախագահին, ոլորտային նախարարներին, Ազգային ժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, մարզպետներին: Հուսով ենք, որ նրանք ուշադրություն կդարձնեն երեխաների կողմից մատնանշած խնդիրներին՝ իրենց պատրաստակամությունն արտահայտելով հստակ քայլերի միջոցով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։
Գագաթնաժողովը կազմակերպելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ, վերապատրաստել է ավելի քան 265 դպրոցի հասարակագիտության ուսուցիչների։ Այնուհետև յուրաքանչյուր ուսուցիչ հատուկ դասաժամերի ընթացքում իր սաներին կրթել է երեխայի իրավունքների մասին։ Այս ծրագրի միջոցով ընդհանուր առմամբ 2700 աշակերտ ստացել է կյանքի ամենակարևոր գիտելիքներից մեկը։ Այնուհետև նախապես հաստատված մեթոդաբանությամբ (ծրագրի մասին հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ) ընտրվել է Հայաստանի յուրաքանչյուր մարզից 10 աշակերտ և մեկ ուսուցիչ։
Որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ՝ հատուկ առցանց հարթակ էր ստեղծվել։
Ընտրելով իրենց ու իրենց ընկերներին հուզող համայնքի առաջնային խնդիրները՝ 13-24 տարեկան երեխաներն ու երիտասարդները նաև մասնակցում էին ստորագրահավաքի՝ կրկին կոչ անելով Հայաստանում որոշում կայացնողներին ավելին անել Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանելու և իրացնելու համար։
Ստորագրահավաքին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 2558 երեխա և երիտասարդ։ Ուշագրավ է, որ երեխաները առաջին հերթին բարձրաձայնել են մշակույթի, խաղի և ժամանցի սահմանափակ հնարավորությունների մասին։ Իսկ ավելի կոնկրետ՝ սպորտով և արվեստով զբաղվելու սահմանափակ հնարավորությունների կամ դրանց բացակայության մասին։ Ավելին ստորագրահավաքի արդյունքների մասին կարող եք կարդալ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան