Հանրային դիսկուրսում ապագան կառուցելու քայլերի հաջորդականություն չկա. Լիլիթ Գալստյան
«Չկան հստակ ճանապարհային քարտեզներ, թե ուր է գնում Հայաստանը։ Վերջին մեկ ու կես տարում մեր հանրային կյանքում հայեցակարգային, ռազմավարական փաստաթղթերի բացակայություն կա, և այդ պայմաններում հանրային կյանք են մտնում գաղափարներ և նպատակադրումներ, որոնք խիստ մտահոգություն են առաջացնում հանրության բոլոր շերտերի մոտ»,- այս մասին այսօր «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, հանրային դիսկուրսում ապագան կառուցելու քայելրի հաջորդականություն չկա. «Եվ այսօր անխուսափելի անհրաժեշտություն կա մի շարք հարցերի պատասխաններ լսելու։ Այդ հարցերը հիմնականում այն մասին են, թե Հայաստանը ուր է գնում, ինչ բազայով է գնում, և միջազգային արժեքների բախման մեջ մենք արդյոք ունենք բավարար դիմադրողականություն և ներուժ՝ հստակեցնելու մեր ճանապարհը»։
Համաժողովի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ այժմ շատ կարևոր է ազգային ինքնությանը համահունչ քաղաքականություն վարելը։
«Այն երկրները, որոնք նույնիսկ տնտեսական զարգացման բարձր մակարդակի վրա են գտնվում, նրանցում ձևավորված է ազգային ինքնությանը համապատասխան տնտեսական համակարգ։ Այսինքն՝ ազգային էությունը վերաբերում է ոչ միայն հոգևոր աշխարհին, այլ նաև կյանքի զարգացման բոլոր ուղղություններին։ Հստակ ասում եմ՝ այսօր կայուն զարգացում ունեցող երկրների զարգացման հիմքը, բանալին ազգային էությանը համահունչ քաղաքականություն վարելն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Ազգային ինքնությունը պահելու լավագույն միջոցը մայրենի լեզուն է։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը համաժողովի ընթացքում մտահոգություն հայտնեց, թե ինչպիսի բառաֆոնդից է օգտվում մատաղ սերունդը. «Ո՞րն է այն ճանապարհը, որ մատաղ սերունդը սկսի սիրել իր լեզուն»։
Արձագանքելով Վիգեն Ստեփանյանի մտահոգությանը՝ գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նախ հեռուստատեսության լեզուն պետք է փոխել։
«Էն, որ անընդհատ մարդկանց աչքն են խոթում՝ նախկինները, մենք և այլն։ Էդ նախկինների օրոք հարց բարձրացվեց մասնավոր հեռուստատեսությունների նկատմամբ լեզվական որոշ վերահսկողություն սահմանել։ Եվ լեզվական միավորների դեմ որոշակի մեղանչումներից հետո հեռուստաընկերությունը չպիտի ապրեր։ Պիտի լեզվական չափորոշիչ լիներ և էդ հեռուստաընկերությունների ճակատագիրը որոշվեր պետականորեն։ Բացի այդ, երբ հաճախ լինեն էսպիսի քննարկումները, աստիճանաբար հարցը դուրս կգա դահլիճի շրջանակից և կնվաճի ամբողջ Երևանը, հետո մարզերը։ Եվ լեզուն կդառնա մեզ համար կենսական անհրաժեշտություն մեր գիտակցության մեջ։ Էս դեպքում, կարծում եմ, կառավարությունը ստիպված կլինի համապատասխան օրենքներ ընդունել»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան