Չարենցը հավերժական է
«Եղիշե Չարենցն այնպիսի մեծություն է, որ ժամանակի ընթացքում անընդհատ նորովի է ներկայանում: Կարևոր է, որ համահունչ այս ժամանակներին, մենք նորից հայտնաբերենք մեր Չարենցին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը:
Նրա խոսքով, մեծ հարգանքի են արժանի չարենցագետները, որոնք հրաշալի աշխատանք են կատարել, բայց, կարծում է, նոր սերունդ է եկել, նորովի պետք է նայի:
«Չարենցը հավերժական է, կանցնի 50 տարի, կգա նոր սերունդ, էլի նորովի կբացահայտի Չարենցին»,- ընդգծեց Ա. Ասատրյանը:
Նշենք, որ տուն-թանգարանում ընթանում է չարենցագիտական ուսումնասիրությունների գիտաժողով՝ «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով:
Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանի զեկույցի թեման է ««Ստանդարտ»-ը քաղաքական իրավիճակների զոհ»:
Նա ասաց, որ 1924 թվականին տպագրվում է «Ստանդրատ» ամսագիրը, որի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր: Մյասնիկյանի խորհրդով արգելվում է դրա տպագրությունը, ամբողջ խմբաքանակը վառում են, միայն մեկ օրինակ է մնում, որն այսօր պահվում է Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում:
«Գրականագիտությունը պիտակել է «Ստանդրատ»-ին իբրև թույլ: Ես ուսումնասիրելով ամսագրի այդ մեկ օրինակը՝ հասկացա, որ ամենևին թույլ ամսագիր չի եղել, ժամանակի համար բավականին ուժեղ էր, և հայ, և ռուս գրականության մեջ նման ամսագիր չի եղել: Արգելվել է «Ստանդարտ»-ի տպագրությունն իր համարձակության համար»,- ասաց Ա. Թասալյանը:
Նա նշեց, որ Չարենցը դեռ շատ բացահայտվելու տեղ ունի, կարելի է ասել՝ դեռևս չի բացահայտվել. «Թանգարանի կողմից այդ ուղղությամբ ամեն օր աշխատանք է տարվում»։
Նրա խոսքով, Չարենցն այն եզակի անհատակություններից էր, որ, իրոք, մտածում էր գրականության վաղվա օրվա մասին, նրա համար կարևոր էր գրականությունը սերունդներին ավանդելու համար: Նա պատասխանատու էր մոտենում այդ հարցին:
«Ապագան ցույց է տալիս, որ Չարենցը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ ժամանակաշրջանի գրականության վրա»,- ասաց Ա. Թասալյանը:
Panorama.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի թոռնուհի, Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Գոհար Չարենցն ասաց, որ բանաստեղծը հսկայական ժառանգություն է թողել, չնայած կյանքն ավարտվել է ընդամենը 40 տարեկանում՝ իր արարչական գործի ճանապարհի կեսին. «Հսկայական ժառանգություն թողեց, որը ոչ միայն ազդեց իր ժամանակաշրջանի վրա, նաև դրանից հետո ու մինչև հիմա»:
Նրա խոսքով, իսկապես, Չարենցը միշտ շատ առեղծվածային է եղել, մշտապես մի նոր փաստ է երևան գալիս, մի նոր առեղծված է բացահայտվում նրա հետ կապված:
«Թանգարանի գիտաշխատողներով դրանով ենք զբաղվում, նույնիսկ նույն բանաստեղծությունը եթե մի քանի անգամ կարդում ես, նոր բաներ ես գտնում, նորովի բացահայտում: Կան շատ առեղծվածներ, որոնք բացահայտման կարիք ունեն, կան առեղծվածներ, որոնք այդպես էլ չեն բացահայտվում: Մահվան առեղծվածը: Մահացել է բանտի հիվանդանոցում, գերեզմանի տեղը մինչև հիմա անհայտ է: Այս ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում, տեղեր են մատնանշվել, ստուգվել է, որևէ բան չի հայտնաբերվել: Ասում ենք՝ թող նրա գերեզմանը մնա ժողովրդի սրտում, ում նա այդքան շատ սիրում էր»,- ասաց Գոհար Չարենցը:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը վերահրատարակվել է
- Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
- Կարո Փայլանը Չարենցի տան քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարությանը
- Եղիշե Չարենցի տուն-թանգարանը 55 տարեկան է
- Չարենցն ամենօրյա բացահայտման կարիք ունի. Գոհար Չարենց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան