Փաշինյան. Մենք կարողացանք համաձայնության գալ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ
Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Բիշքեկում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:
«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը
- Զասը վստահեցրել է, որ նշանակվելու դեպքում պաշտպանելու է ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերը
- ԱԳՆ. Ստանիսլավ Զասի՝ Հայաստան այցի մանրամասները հստակեցված չեն